Թուրքերը և ադրբեջանցիներն այս անգամ նրանք մնացել էին լիակատար մեկուսացման մեջ․ Վլադիմիր Վարդանյան (տեսանյութ)

ԵԽԽՎ-ում տեղի ունեցած վերջին միջադեպը պայմանավորված էր նրանով, որ նիստը ի պաշտոնե վարում էր Թուրքիայի պատվիրակության ղեկավարը, որն սկսած Հունաստանին վերաբերող հարցից, իրեն փորձում էր պահել ոչ թե որպես ԵԽԽՎ տվյալ նստաշրջանի տվյալ նիստը նախագահող, այլ որպես թուրքական պատվիրակության ղեկավար, ինչը չէր կարող չհանգեցնել միջադեպի։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով Հայ Մամիջանյանի ելույթն ընդհատելուն ու հայկական պատվիրակության միջամտությանը։

Նա ընդգծեց, որ Հայաստանի պավիրակությունը հստակ արձագանք է տվել միջադեպին. «Իմ կարծիքով ԵԽԽՎ-ի թե՛ քարտուղարությունը և թե՛ նախագահությունը հասկացել են միջադեպի պատճառները։ Ես քարտուղարությանը հայտնել եմ իմ տեսակետը, որ եթե դուք գիտեք, տեսնում եք գրանցված անձանց անունները, տեսնում եք, որ կարող են քննարկվել հարցեր, որոնք վերաբերում են X և Y պետություններին, ապա պետք է առնվազն առավել չեզոք ու հեղինակավոր մարդ նախագահի, որպեսզի նման կարիքներ չառաջանան: Ես նախատեսում եմ, որ երբ լինի ԵԽԽՎ-ի ընթացակարգի և ինստիտուցիոնալ հարցերի հանձնաժողովի նիստ, այդ հարցը կբարձրացնեմ:

Պարզ էր թուրքերի և ադրբեջանցիների դժգոհությունները, այս անգամ նրանք մնացել էին լիակատար մեկուսացման մեջ: Հայկական շահերը պաշտպանվելու են միջազգային հարթակներում՝ անկախ նրանից, թե զեկուցողը մեզ համար հաճելի, թե ոչ այնքան հաճելի բաներ է ասում: Որևէ մեկը որևէ միջազգային ատյանում հնարավորություն չպետք է ունենա ընդհատել ՀՀ ներկայացուցչի ելույթը»,- ասաց Վարդանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում