Հանրությունը չի պատկերացնում, թե ինչ աղետ կարող է տեղի ունենալ․ ՀԺՄ

Հանրությունը դեռ չի պատկերացնում, թե ինչ աղետ կարող է տեղի ունենալ, մանավանդ հաշվի առնելով այն, որ ապատեղեկատվությունը շատ է, շատ-շատ են զգոնությունը թուլացնող հայտարարությունները, շատ կեղծ օրակարգեր են ստեղծվում՝ ամենակարևոր խնդրից՝ երկրի անվտանգությունից ուշադրությունը շեղելու համար։ Այս մասին հոկտեմբերի 17-ին քննարկման ժամանակ ասաց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը։

ՀԺՄ նախագահը պաշտոնական տեղեկատվությունը որակեց ապատեղեկատվություն՝ համոզմունք հայտնելով, որ այն շեղում է ուշադրությունը և ուղղված է թշնամու շահերին ծառայելուն։

Նա կոչ արեց ձևավորել խմբեր, որոնք կհանդիպեն մարդկանց հետ, մատչելի լեզվով, պարզ օրինակներով կբացատրեն աղետի ծավալը։

«Պետք է հեռանալ արևմտամետ, ռուսամետ կամ այլ քարոզչական գործիքներից և կլիշեներից ու հասկանալ, թե որտեղ են մեր շահերը։

Իշխանությունների նպատակը հանրությանը մոլորեցնելն ու խառնաշփոթ ստեղծելն է։ Իսկ ո՞րն է Հայաստանի շահը։ Ո՞րն է անվտանգության այն համակարգը, որը կպաշտպանի Հայաստանի և Արցախի քաղաքացիներին։ Մենք պետք է ժողովրդին բացատրենք դա։ Բայց միայն հայտարարությունները բավարար չեն, քանի որ անգործության ժամանակ թե՛ ներքին, թե՛ արտաքին թշնամիներն իրենց գործը կանեն, իսկ մենք միայն կզբաղվենք նրանով, որ կբացահայտենք նրանց ստերը ու կդոփենք տեղում։ Պետք է ձևավորենք մեր օրակարգը և համախմբվենք դրա շուրջը: Ռիսկերն ու մարտահրավերները շատ լուրջ են, իսկ այս ֆոնին Հայաստանի սուբյեկտայնությունը զրոյական է, Հայաստանի կարծիքը ոչ ոք չի հարցնում։

Փորձագետները խոսում են ցեղասպանության, էթնիկ զտումների, տեղահանության ռիսկերի մասին։ Եվ այս ֆոնին Հայաստանում չկա իշխանություն, այլ կա ուժ, որը սպասարկում է Ադրբեջանի, Թուրքիայի և այլ երկրների ու ուժերի շահերը»,- նշեց Սեյրանյանը։