Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին

Հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին։

ԱԳՆ խոսնակի փոխանցմամբ, հանդիպման ընթացքում առաքելության անդամները ներկայացրել են մինչ այս Հայաստանում տեղի ունեցած հանդիպումների ու այցելությունների արդյունքները։

Կողմերը քննարկել են հոկտեմբերի 6-ի պրահյան հայտարարության համաձայն Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով տեղակայվելիք ԵՄ մշտադիտարկման առաքելության լիազորությունների, տեղակայման վայրերի և այլ մանրամասները։

ԵՄ մշտադիտարկման առաքելության նպատակն է լինելու նպաստել տարածաշրջանում անվտանգության և կայունության վերականգնմանը, վստահության կառուցմանը և սահմանային անվտանգության ու սահմանազատման հանձնաժողովների աշխատանքներին։

Կարևորելով ԵՄ մշտադիտարկման առաքելության տեղակայումը՝ Ա. Միրզոյանը կարծիք է հայտնել, որ դրա դիտարկումները և վերլուծությունները կարևոր դեր կկատարեն նաև իրավիճակի վերաբերյալ ԵՄ անդամ երկրներին օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելու գործում։