Մենեջմենթի խնդիրների պատճառով ՀՀ-ի և ՌԴ-ի համար Փոթիի լաստանավը չի գործում. ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար

Վրացական «Փոթի» նավահանգստի նիդեռլանդական օպերատորն առայժմ չի կարող համաձայնեցնել լաստանավով փոխադրումները հայկական ապրանքների համար։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։

Հայաստանի իշխանությունները նախատեսում էին մշտական լաստանավային հաղորդակցություն սկսել վրացական սևծովյան «Փոթի» նավահանգստի և ռուսական «Կովկաս» նավահանգստի (Կրասնոդարի երկրամաս) միջև դեռևս ամռանը։ Երթուղին պետք է դառնար ռուս-վրացական սահմանին «Վերին Լարս» անցակետի այլընտրանքը։

«Այս նախագիծը շատ կարևոր է մեզ համար, ինչպես Հայաստանից Ռուսաստան, այնպես էլ հակառակ ուղղությամբ ապրանքների փոխադրման առումով։ Բայց քանի որ Վրաստանում «Փոթի» նավահանգստի կառավարումն իրականացնում է հոլանդական ընկերությունը, նրանք հիմա ինչ-որ խոչընդոտներ են ստեղծում»,- ասել է Խոջոյանը։

Նա ավելացրել է, որ երթուղին պետք է աշխատեր «վաղուց», բայց «խնդիրն այժմ կապված է «Փոթի» նավահանգստի մենեջմենթի հետ»։ Այնուամենայնիվ, կողմերը փորձում են լուծել վիճելի հարցերը, բանակցությունները շարունակվում են, ասել է նախարարության ներկայացուցիչը։