Ննգի համայնքում ազգային պարի մանկապատանեկան խմբակ է բացվել

Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ Մարտունու շրջանի Ննգի համայնքում ազգային պարի մանկապատանեկան խմբակ է բացվել:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը:

«Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին կյանքի է կոչվել «Համազգայինը Արցախի մանուկների կողքին» նախաձեռնությունը՝ փորձելով արվեստի ճանապարհով սատարել Արցախից տեղահանված մանուկներին:

Այդ շրջանակներում դասընթացներ կազմակերպվեցին Երևանում, Դիլիջանում և Աբովյանում։ Պատերազմից հետո արդեն երկրորդ տարին է՝ բացառապես անվճար այս դասընթացներն իրականացնում ենք Արցախում, գլխավորապես՝ գյուղական համայնքներում։

Այս պահին շուրջ 300 արցախցի մանուկներ օգտվում են ծրագրից։ Այն հնարավորություն է տալիս սովորելու ազգային պար, ձեռագործություն, նկարչություն, ինչպես նաև ունենք Հայոց լեզվի գիտելիքների ամրապնդմանն ուղղված դասընթացներ բարձր դասարանցիների համար։

Հատկապես մեծ է հետաքրքրությունը ազգային պարի հանդեպ։ Հաճախ ենք տարբեր բնակավայրերի աշակերտներից կամ ուսուցիչներից նամակներ ստանում՝ խնդրանքով, որ իրենց համայնքում ևս խմբակներ բացենք։

Ցավոք, այս պահին Համազգայինը նոր մասնագետների պատրաստման հնարավորություն չունի, փորձում ենք գտնել նոր հովանավորներ ու նվիրատուներ, որպեսզի ավելի ընդլայնենք ծրագիրը,քանի որ զգում ենք դրա կարևորությունը, հատկապես՝ գյուղական համայնքներում»,- ներկայացրել է Հ.Ավագյանը։

Նրա խոսքով՝ դասընթացավարները մեծամասամբ Արցախի բռնազավթված բնակավայրերից տեղահանվածներ են։ Ներկայում ազգային պար է ուսուցանվում Մաճկալաշենում, Աշանում, Հաղորտիում, Ննգիում, Մաղավուզում, Ճանկաթաղում։ Անցած տարի էլ դպրոցականների համար ազգային պարի խմբակներ էին գործում Կաղարծիում, Մուշկապատում և Ղազարահողերում:

Այս համայնքներում այժմ մասնագետի կարիք է զգացվում:
Մեր զրուցակցի հավաստմամբ՝ առաջիկայում խնդիրը լուծում կստանա: Համազգայինի նշված ծրագրով Ստեփանակերտում էլ նկարչության և հայոց լեզվի դասընթացներ են կազմակերպվում:

Մայրաքաղաքի «Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն»-ում գործում է «Հմուտ ձեռքեր» խմբակը։ Նման դասընթացներ են կազմակերպվում նաև Մաճկալաշենում, Աշանում, իսկ Մաղավուզում ազգային պարից բացի, ուսուցանվում է ժողովրդական երգ: