Ստեփանակերտի հուշահամալիրում բացվել է ջութակահար Բորիս Բաբայանի բրոնզաձույլ արձանը

Անվանի ջութակահարի արձանի տեղադրման վայրը պատահական չի ընտրվել: Բորիս Բաբայանին իր ջութակի հետ սովոր էինք տեսնել հենց Ստեփանակերտի հուշահամալիրում:

Ինչպես փոխանցում են ԱՀ ԱԻՊԾ-ից՝ նրա քարեղեն ներկայության համար ավելի հարմար ու ավելի բնական տեղ դժվար էր պատկերացնել, քան այստեղ, տղաների հետ: Նա ջութակի միջոցով էր փոխանցում իր հույզերը, հաճախ էլ՝ խոսքերը:

Գաղափարը Կարեն Սարգսյանինն էր: Հենց նրա մտահղացմամբ ու աջակցությամբ էլ ՀՀ վաստակավոր քանդակագործ Տիգրան Արզումանյանը հանձն առավ արձանի ստեղծումը:

Արձանի բացման որոշումը կայացվեց նրա մահից՝ 2020 թվականի դեկտեմբերի 9-ից հետո: Այստեղ հուշահամալիրում պետք է ներկա լինի Ստեփանակերտի խորհրդանիշներից մեկը՝ Բորիս Բաբայանը: Կարեն Սարգսյանն անձամբ է ճանաչել ջութակահարին և նրա հետ կապված լավ հուշեր ունի: Անվանի ստեփանակերտցու հանդեպ ունեցած հարգանքն ու այդ հիողություններն են, որ ամբողջական դարձրեցին Բորիս Բաբայանի մշտական ներկայությունը:

Բացման միջոցառմանը ելույթներ են ունեցել ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Զարինե Բաբայանը, Կոմիտասի «Հո՛վ արեք, սարե՜ր ջան» ստեղծագործությունը նվագել է ջութակահար Աիդա Սեյրանյանը:

Ընտանիքի ու հարազատների անունից Կարեն Սարգսյանին ու քանդակագործին երախտիքի խոսք է հղել Բ. Բաբայանի թոռը՝ Արսեն Բաբայանը:
Բորիս Բաբայանի քանդակի բացումը կատարել են Կարեն Սարգսյանն ու Արսեն Բաբայանը, որից հետո ներկաները ծաղիկներ են խոնարհել արձանի պատվանդանին: