Թուրքիայում լռում են հայ գերիների գնդակահարության մասին

Հոկտեմբերի 2-ին ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տարածվեց մի տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում գերի հանձնված անզեն հայ զինվորներին։ Տեսանյութի զննության արդյունքում Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հստակ արձանագրեց, որ պատերազմական հանցագործությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ սուվերեն տարածքի վրա լայնածավալ հարձակման ընթացքում։

Ermenihaber-ը հաղորդում է․ «Պաշտոնական Երևանը կրկին միջազգային հանրությանն ուշադրությունն հրավիրեց այն փաստին, որ Ադրբեջանն ագրեսոր պետություն է, և այդ պետության ռազմաքաղաքական ղեկավարությունը պիտի ենթարկվի պատասխանատվության այս և այլ վայրագությունների համար:

Միջազգային հանրությունը՝ այդ թվում Ադրբեջանի «մեծ եղբայր» հորջհորջվող Թուրքիայի ՆԱՏՕ-ական դաշնակիցներ ԱՄՆ-ն, Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Հունաստանը, խստիվ դատապարտեցին նմանօրինակ բռնությունն ու գազանաբարո գործողությունը:

Իսկ Թուրքիայում քար լռություն էր։ Իրենց բնորոշած «Ջան Ադրբեջանի» զինուժի ռազմական ծանր հանցագործությունը մատնվում էր լռության։ Չհնչեց ոչ մի դատապարտող խոսք պետական, քաղաքական կամ հանրային գործիչների կողմից։ Գնդակահարության տեսանյութը քննության ենթարկելու կոչեր ու առաջարկներ չեղան անգամ։ Դե իսկ թուրքական լրատվակայքերն այդպես էլ չանդրադարձան թեմային՝ չհաշված մեկ-երկու ոչ հայտնի լրատվականներում տեղ գտած թեմային հպանցիկ ժխտողական անդրադարձով հրապարակում, որոնցում ընդգծվում էր «թյուրքերի կողմից նման պահվածքի անհնարինությունը»։

Թուրքական փորձագիտական և լրատվական համայնքի լռությունն էլ ավելի բացասաբար ընդգծվեց, երբ այդ օրերին նույնիսկ ադրբեջանցի վտարանդի գործիչ, ընդդիմադիր լրագրող Հաբիբ Մյունթեզիրը նշեց, որ եթե տեսանյութի իսկությունը հաստատվի, ապա հանցագործության մեղավորներին անհրաժեշտ է պատժել։ Մինչդեռ թուրք ո՛չ իշխանական, ո՛չ ընդդիմադիր, ո՛չ հանրային գործիչներից այդպես էլ չհնչեց հրապարակային խոսք զարհուրելի տեսանյութի մասին։

Բանն այն է, որ գնդակահարության դեպքի բացահայտումից ընդամենը մի քանի օր առաջ ՀՀ-ի դեմ ադրբեջանական ագրեսիայի ընթացքում գերեվարված վիրավոր հայ զինվորին իբրև թե հոգատարությամբ վիրակապող ադրբեջանցի զինծառայողի «բուժօգնության» կադրերն ակտիվորեն տարածվում և մեկնաբանվում էին թուրքական մեդիա դաշտում։ Փորձ էր արվում դա ներկայացնել որպես «ադրբեջանցի զինվորներից աշխարհին ուղղված մարդասիրության դաս»։

«Գնահատանքի արժանացած պահվածք ադրբեջանցի զինվորից», «Գերի ընկած հայ զինվորի վերքը կապող գթասիրտ ադրբեջանցի զինվոր». այս ու նմանատիպ վերնագրերով թուրքական իշխանամերձ և մյուս լրատվական կայքերը գովերգում էին ադրբեջանցի զինծառայողներին։ Մինչդեռ նույն այդ լրատվամիջոցներն օրեր անց բացարձակ անտարբերության մատնեցին ադրբեջանցիների վայրագությունները։

Թուրքիայի քարոզչամեքենայի այս քաղաքականությունը, անշուշտ, նորություն չէր․ Տարիներ ի վեր ժխտողականությանը զուգահեռ նույն անտարբերության քաղաքականությունն է վարել նաև Հայոց ցեղասպանության ոճրագործության պարագայում։

Հ. Գ. Թուրքիայում գործող, թուրքերեն հրապարակվող հազվագյուտ լրատվամիջոցներից մեկը, որն առնվազն չեզոքության դիրքերից անդրադարձել է հայ զինվորների մահապատժի տեսանյութին հայկական «Ակոսն» էր։ Այդ երկրում առկա մամուլի անազատության և գրաքննության պայմաններում «Ակոսը» Թուրքիայի հանրությանն էր փոխանցում թեմայի շուրջ եղած հայկական, ադրբեջանական և միջազգային արձագանքները»։