Իրանը կարևորում է կովկասյան տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդումը

Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարն անդրադառնալով Բաքվի և Երևանի միջև լարվածությանն ասել է, որ Իրանը կարևորում է կովկասյան տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդումը։ Այս մասին գրում է ParsToday-ը:

Սեյեդ Մեհդի Ֆարշադանը Հայաստան-Իրան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Գևորգ Պապոյանի հետ Թեհրանում կայացած հանդիպմանը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր վեճերը կլուծվեն կառուցողական մթնոլորտում՝ միջազգային իրավունքի սկզբունքների, երկու երկրների տարածքային ամբողջականության պահպանման և կողմերի ինքնիշխանության սկզբունքի հարգման հիմամբ:

Անդրադառնալով Իրանի և Հայաստանի խորհրդարանների լավ հարաբերություններին, Ֆարշադանն ասել է, որ երկու երկրների հարաբերությունները քաղաքական առումով լավ մակարդակում են, սակայն տնտեսական համագործակցությունը զարգանալու տեղ ունի:

Նշելով, որ Իրանն ու Հայաստանը փոխլրացնող բազմաթիվ կարողություններ ունեն տրանսպորտի, էներգետիկայի, գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում, նա հավելել է, որ այդ հնարավորությունները պետք է օգտագործվեն՝ հարաբերություններն ամրապնդելու և տնտեսական հարաբերությունների մակարդակը մեկ միլիարդ դոլարի հասցնելու համար։

Հայաստան-Իրան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Գևորգ Պապոյանը, գոհունակություն հայտնելով Իրան կատարած այցի կապակցությամբ, հույս է հայտնել, որ Թեհրանի քննարկումները կնպաստեն երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը:

Պապոյանը բարձր է գնահատել  հայ-ադրբեջանական հակամարտության առնչությամբ Իրանի դիրքորոշումը և նշել, որ ողջունելի է Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունների հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման և միջազգայնորեն ճանաչված սահմանները չփոխելու անհրաժեշտության վերաբերյալ։