ՄԻՊ-ը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին ներկայացրել է Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակման հետևանքները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հոկտեմբերի 10-ին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին։ Այս մասին հաղորդում են ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմից։

Ըստ հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի վրա հարձակման հետևանքները՝ անդրադառնալով միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների կոպիտ ու շարունակվող խախտումներին։ Իր խոսքում Պաշտպանը ներկայացրել է հայ զինծառայողների, մասնավորապես կանանց նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված խոշտանգումների, անմարդկային ու նվաստացնող վերաբերմունքի դեպքերը, ինչպես նաև փոխանցել է Պաշտպանի հաստատության կողմից այս փաստերն ամրագրող ոչ հրապարակային զեկույցը։

Իր խոսքում պարոն Ռոքվոյը կարևորել է Պաշտպանի հաստատության կողմից իրականցվող աշխատանքները և հայտնել պատրաստակամություն շարունակելու համագործակցությունը։

Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն։