Ստացիոնար բուժման մեջ գտնվող հայրենադարձված գերիներն արդեն հարցաքննվել են

Հոկտեմբերի 4-ին ադրբեջանական գերությունից հայրենադարձված բոլոր 17 զինծառայողները հարցաքննվել են։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին Քննչական կոմիտեից։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝հոկտեմբերի 4-ին ԱՄՆ միջնորդությամբ հայրենիք են վերադարձել ադրբեջանական գերության մեջ գտնվող 17 հայ զինծառայող, որոնք գերեվարվել են սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով։ Ադրբեջանը պաշտոնապես հաստատել էր 17 զինծառայողի գերեվարումը, որոնց էլ վերադարձրել է։ Մինչդեռ՝ ըստ իրավապաշտպանների՝ գերիների թիվն ավելի մեծ է։

ՔԿ-ից հայտնել էին, որ հայրենադարձված զինծառայողներից յոթն այս պահին ստացիոնար բուժում են ստանում, նրանց վիճակը բավարար է գնահատվում ստացել էին բեկորային թեթև վնասվածքներ։ Զինծառայողներից 10-ը երեկ ՔԿ ԶՔԳՎ-ում հարցաքննվել են՝ վկայի կարգավիճակով։ ՔԿ-ից այսօր «Փաստինֆո»-ի հետ զրուցում հայտնեցին, որ ստացիոնար բուժման մեջ գտնվող 7 զինծառայողները ևս հարցաքննվել են։ Իսկ թե արդյո՞ք զինծառայողներին արդեն տրվել է տուժողի կարգավիճակ, առանձին քրեական վարույթ նախաձեռնվել է, թե՝ ոչ՝ ՔԿ-ից մանրամասներ չհայտնեցին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գեղարքունիքի, Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ, ականանետային-հրթիռահրետանային միջոցներ։

ՔԿ ԶՔԳՎ-ում նույն օրը քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (պատերազմ վարելու արգելված եղանակների կիրառմամբ պատերազմական հանցագործությունները, որը դրսևորվել է քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումով) և

ՀՀ ՔՕ 149-րդ հոդվածի 1-ին մասով (пետության քաղաքական կամ ռազմական գործողությունները փաստացի ղեկավարող կամ վերահսկող կամ ուղղորդող անձի կողմից ագրեսիա պլանավորելը, նախապատրաստելը, նախաձեռնելը կամ իրականացնելը)։ Զոհված զինծառայողների վերջնական թիվն առ այս պահը հայտնի չէ, ԱԽ հայտարարության համաձայն՝ հայկական կողմն ունի 207 զոհ և անհետ կորած, սակայն այս թիվը դեռևս վերջնական չէ։ Սեպտեմբերի 17-ին ադրբեջանական կողմը 32 զինծառայողի մարմին էր փոխանցել հայկական կողմին, սեպտեմբերի 20-ին՝ 95, իսկ սեպտեմբերի 23–ին՝ եւս 6 մարմին։ Ավելին՝ ԳՇ պետի տեղակալը պաշտոնապես հաստատել է լուրը, համաձայն որի՝ կան մարմիններ, որոնք դեռևս գտնվում են արդեն հակառակորդի տիրապետության ներքո գտնվող դիրքերում և Ադրբեջանը խոչընդոտում է աճյունների դուրսբերման աշխատանքներին։ Ռազմական ագրեսիայից երկու շաբաթ անց ՔԿ-ն հայտնել է նույնականացված 201 զոհի մասին, որից 197-ը՝ զինծառայողներ են, 4-ը՝ քաղաքացիական անձինք։

Իսկ ՀՀ գլխավոր դատախազությունն էլ «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան նշել էր, որ փաստեր կան ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողների դիակները անարգելու, գերիներին խոշտանգելու վերաբերյալ։