Այսօր Տարեցների միջազգային օրն է․ Նարեկ Մկրտչյանի ուղերձը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ուղերձ է հղել Տարեցների միջազգային օրվա առիթով.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

ամբողջ աշխարհը հոկտեմբերի 1-ը տոնում է որպես Տարեցների միջազգային օր․ սա ևս մեկ հնարավորություն է մեծարելու մեր ավագ սերնդին, ընդգծելու նրանց անփոխարինելի դերն ու արժեքը։
Սա հնարավորություն է նաև խոսելու մեր առաջնային անելիքների մասին, որոնք ուղղված են նրանց համար մատչելի սոցիալական ծառայություններ, զբաղվածություն, ակտիվ ու արժանապատիվ ծերություն ապահովելուն։

Մեզ համար առաջանահերթություն է լիարժեք գնահատել սոցիալական պաշտպանության հաստատություններում խնամվող (և դրանցից դուրս) տարեցների սոցիալական կարիքները, հանրապետության բոլոր մարզերում ստեղծել ցերեկային կենտրոններ, բոլոր մարզերում ներդնել տնային խնամքի ծառայություն, վերանայել օրենսդրական դաշտը՝ սկսած խնամքի տրամադրման չափորոշիչներից։

Այս և այլ ուղություններով աշխատանքներ իրականացնում ենք․ շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում ընթանում են շահառուների արժանապատիվ կենսական պայմանների ապահովման համար անհրաժեշտ բարեկարգման աշխատանքներ, բարձրացնում ենք  նրանց մատուցվող ծառայությունների որակը, ընդլայնում շրջանակը։

Բարեփոխումների գործընթացում այս տարվա ընթացքում փուլ առ փուլ ունեցանք կենսաթոշակների բարձրացում, որն, ինչպես նշել ենք, ունենալու է իր շարունակությունը։  Նույն համատեքստում ստեղծեցինք հնարավորություն, որ կենսաթոշակառուներն օգտվեն ժամանակակից տեխնոլոգիաներից, կուտակեն հետվճարներ։

Այսպիսով, սիրելի՛ տատիկներ ու պապիկներ, կրկին շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում խաղաղ, սիրով ու ջերմությամբ շրջապատված ծերություն»:

Հոկտեմբերի 1-ին ողջ աշխարհը նշում է Տարեցների միջազգային օրը (International Day of Older Persons): Այն հռչակվել է 1990 թվականի դեկտեմբերի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 5/106 որոշմամբ: 1991թ-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասմաբլեան իր 46/91 որոշմամբ ընդունեց Տարեց մարդկանց նկատմամբ ՄԱԿ-ի սկզբունքները:

Սկզբնական շրջանում Տարեցների միջազգային օրը նշվում էր միայն Եվրոպայում, այնուհետև Ամերիկայում, իսկ այժմ` աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում նաև Հայաստանում:

Միջազգային դասակարգման համաձայն` տարեցներ են համարվում 65 տարին լրացած անձինք: