Շվեդիայի առափնյա պահպանությունը «Հյուսիսային հոսք»-ում գազի հերթական արտահոսք է հայտնաբերել

Շվեդիայի առափնյա պահպանությունը չորրորդ արտահոսքն է հայտնաբերել «Հյուսիսային հոսք 1» և «Հյուսիսային հոսք 2» գազատարներում: Այս մասին հայտնում է շվեդական Svenska Dagbladet թերթը։

Առափնյա պահպանության ներկայացուցիչ Ջենի Լարսոնը նշել է, որ արտահոսքերից երկուսը գտնվում են Շվեդիայի տնտեսական գոտում, իսկ մյուս երկուսը՝ Դանիայի տնտեսական գոտում։

Հիշեցնենք, որ «Հյուսիսային հոսք»-ում և «Հյուսիսային հոսք 2»-ում արտակարգ իրավիճակներ են տեղի ունեցել, գազատարների խողովակները վնասվել են: Ավելի ուշ շվեդ սեյսմոլոգները հայտնել են երկու հզոր ստորջրյա պայթյունների մասին, որոնք տեղի են ունեցել հենց այն ժամանակ, երբ իմացել են վնասի մասին։ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ «Հյուսիսային հոսք»-ի արտահոսքերը կանխամտածված գործողությունների արդյունք են։