Վրաստանի բոլոր մաքսակետերն անցել են արտակարգ ռեժիմի

Վրաստանի բոլոր մաքսային անցակետերն աշխատում են արտակարգ ռեժիմով՝ երթևեկության ավելացման պատճառով։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Վրաստանի ֆինանսների նախարարությանը։

«Ընդհանուր առմամբ տարածաշրջանում երթևեկության աճի պատճառով բոլոր մաքսակետերն անցել են աշխատանքի հատուկ ռեժիմի։ Բացի այդ, Վրաստանի բոլոր անցակետերում ավելացել է մաքսայինների թիվը, որպեսզի 24-ժամյա ռեժիմով անարգել իրականացվեն մաքսային հսկողության ընթացակարգերը»,- ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է նաև, որ Վրաստանից Ռուսաստանի Դաշնություն մեկնող բեռնատարների մաքսային ընթացակարգերը մասամբ բարդացել են «Կազբեգի-Վերին Լարս» մաքսակետի ռուսական կողմում ընդհատումների պատճառով։

Ավելի վաղ Հյուսիսային Օսիայի ներքին գործերի նախարարությունը կոչ էր արել քաղաքացիներին ձեռնպահ մնալ Վրաստանի հետ սահմանի ուղղությամբ «Վերին Լարս» անցակետով ուղևորություններից ՝ բազմակիլոմետրանոց խցանումների պատճառով: