Ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից. Գլխավոր դատախազը՝ ԵԽ գործընկերներին

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդին և ԵԽ իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանին:

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ գլխավոր դատախազը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ մի շարք ուղղություններով ծրագրերը՝ միտված հատկապես կոռուպցիայի դեմ պայքարին, դատաիրավական բարեփոխումներին և քրեական արդարադատությանը:

Նախքան հետագա համագործակցությանը վերաբերող հարցերին անդրադառնալը՝ գլխավոր դատախազ Վարդապետանը ԵԽ գործընկերներին ներկայացրել է սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ սանձազերծված ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և շեշտել, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից: Այս համատեքստում Աննա Վարդապետյանը կարևորել է միջազգային հանրության հստակ դիրքորոշումներն ու գործողությունները՝ ՀՀ ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զորքերը ետ քաշելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներ Մարտինա Շմիդտն ու Լիլիթ Դանեղյանն ընդգծել են Գլխավոր դատախազության հետ համագործակցության կարևորությունը մի շարք առանցքային ուղղություններով և փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն են հայտնել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։

Վերջին տվյալով՝ զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, գերեվարվել է 20 զինծառայող։