Արցախի մայր թատրոնը 90 տարեկան է

Տարին հոբելյանական է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի համար, որի 90-ամյակն է լրացել:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Արմեն Հարությունյանը նշել է, որ Արցախի մայր թատրոնի հիմնադիրն անվանի դերասան և բեմադրիչ, արվեստի վաստակավոր գործիչ Կարո Ալվարյանն է:

Նրա հրավերով, Բաքվի Լ. Երեմյանի անվան պետական թատրոնի՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից փակելուց հետո, Ստեփանակերտ են գալիս մեկ տասնյակից ավելի դերասաններ:

Թատրոնի բացումը՝ 1932 թվականի օգոստոսի 11-ին, խորհրդանշվել է Վաղարշյանի «Օղակում» պիեսի բեմադրությամբ։ Տնօրենի խոսքով՝ 90 տարվա ընթացքում թատրոնում բեմադրվել է 450 պիես՝ հիմնված հայ և արտասահմանցի հեղինակների դասական և պատմական ստեղծագործությունների վրա: «Ներկայում աշխատում ենք նոր բեմադրության ուղղությամբ. «Անմահների դիրքը» ներկայացումը պատերազմի մասին է, որի ընթացքում բոլոր զինվորները զոհվում են, բայց դիրքը չեն հանձնում: Նախատեսում ենք մինչև նոյեմբերի սկիզբը առաջնախաղը կունենանք, որովհետև նոյեմբերի 21-29-ը հյուրախաղերով կմեկնենք Մոսկվա»,- ասել է Ա. Հարությունյանը:

Անդրադառնալով Ստեփանակերտի պետդրամթատրոնի խնդիրներին, տնօրենը նախ կարևորեց Արցախի մայր թատրոնի շենքը՝ որպես ճարտարապետական և մշակութային արժեք, ըստ մեր զրուցակցի՝ շենքային համապատասխան պայմանների բացակայությունն այս ընթացքում շարունակաբար խնդիրների առջև է կանգնեցրել թատրոնի կոլեկտիվին:

«Ձեռքբերումների հետ մեկտեղ շատ խնդիրներ, կորուստներ ենք ունեցել 90 տարվա ընթացքում: Անցել ենք պատերազմներով: Մեր մեծ խնդիրներից է շարունակում մնալ թատրոնի մոռացության մատնված շենքը: Պետք է նոր նախագիծ պատվիրվեր, ապա սկսվեր վերակառուցումը, սակայն դեռ սպասում ենք: Առայժմ ներկայացումները կազմակերպվում են Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի դահլիճում, որտեղ բացակայում են թատրոնին համապատասխան պայմանները»,- ասել է զրուցակիցս, և ավելացրել, որ չնայած խոչընդոտներինև անհարմարություններին , պատերազմից հետո արդեն 5-րդ ներկայացումն են պատրաստում հանձնել թատերասերների դատին: