Ռուսաստանի հետնաբեմում Փելոսին դատապարտում է Ադրբեջանի հարձակումները Հայաստանի վրա․ Reuters

Reuters գործակալությունը լուսաբանել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Հայաստան՝ այն ներկայացնելով «Ռուսաստանի հետնաբակում Փելոսին դատապարտում է Ադրբեջանի հարձակումները Հայաստանի վրա» վերնագրով հոդվածում։

Ստորև ներկայացնում ենք հոդվածի թարգմանությունն ամբողջությամբ։

«ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին կիրակի խստորեն դատապարտեց Ադրբեջանի, ինչպես նա անվանեց, «անօրինական» սահմանային հարձակումները Հայաստանի վրա՝ խոստանալով աջակցել Հայաստանի ինքնիշխանությանը: Փելոսին իր այցը Հայաստան՝ ԱՄՆ Մերիլենդ նահանգի չափ տարածք, որը սեղմված է Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի և Իրանի միջև, անվանեց աջակցությունն ուժգնացնելու փորձ։ Ելույթ ունենալով հնագույն Երևան քաղաքում՝ Փելոսին ասաց, որ իր այցը կարևոր նշանակություն ունի Ադրբեջանի կողմից «հայկական տարածքների վրա անօրինական և մահաբեր հարձակումներից» հետո, որոնք հանգեցրին ավելի քան 200 մարդու մահվան:

«Մենք խստորեն դատապարտում ենք այդ հարձակումները»,-ասել է Փելոսին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը, որը դժգոհել է Ռուսաստանի գլխավորած ռազմական դաշինքի արձագանքից։

«Մարտերը նախաձեռնել են ադրբեջանցիները, և դա պետք է ընդունել»,-ասել է Փելոսին։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մտահոգություն է հայտնել մարտերի առնչությամբ և հանդարտության կոչ է արել, սակայն չի մեղադրել կողմերից որևէ մեկին: Հայաստանը հայտնել է, որ Ադրբեջանը սեպտեմբերի 13-ի կեսգիշերից անմիջապես հետո գնդակոծել է սահմանին մոտ գտնվող առնվազն վեց հայկական բնակավայր՝ անօդաչու սարքեր և խոշոր տրամաչափի զենքեր օգտագործելով և թիրախավորելով քաղաքացիական և ռազմական ենթակառուցվածքները։ Երևանը հայտարարել է, որ սա դա չհրահրված ագրեսիա է։

Ադրբեջանը, որին աջակցում է Թուրքիան, հերքում է այդ պնդումները։ Բաքուն պնդում է, որ հայկական դիվերսիոն ջոկատները փորձել են ականապատել ադրբեջանական դիրքերը, ինչը դրդել է զինվորներին արձագանքել։ Հայաստանը պնդում է, որ դա ադրբեջանական ապատեղեկատվություն է։

Ռուսաստանը, որը բազմիցս դատապարտել է Փելոսիի այցը Թայվան, Կովկասը համարում է իր ազդեցության գոտի։ Մոսկվան, սակայն, մտահոգված է ուկրաինական պատերազմով, որը Սառը պատերազմից ի վեր ամենամեծ առճակատումն է Արևմուտքի հետ: Ռուսաստանը Հայաստանի գլխավոր ռազմական դաշնակիցն է, որն ունի ռազմաբազա Հայաստանի հյուսիսում և խաղաղապահներ՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով, որի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը պատերազմել են 2020 թվականին։ Նախագահ Վլադիմիր Պուտինը ուրբաթ հայտարարել է, որ Ռուսաստանը բավական ռեսուրսներ ունի՝ հակամարտությունը կարգավորելու համար։ Վերջին ռազմական գործողություններն ավարտվել են Ռուսաստանի միջնորդությամբ։ Սակայն օգնության կոչերից հետո ՀԱՊԿ-ը որոշեց դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան:

Ըստ Փելոսիի՝ ԱՄՆ-ը ցանկանում է օգնել Հայաստանին ժողովրդավարության և ինքնավարության միջև գլոբալ պայքարում: «Մենք պետք է օգտագործենք մեր ազդեցությունը, մեր լծակները՝ ցույց տալու համար, որ ժողովրդավարությունը և Հայաստանի ինքնիշխանությունը առաջնահերթություն են»,-ասել է Փելոսին։ Նա նշել է, որ թավշյա հեղափոխությունը ողջունվել է ամբողջ աշխարհում։