Այս պահին Ջերմուկի վտանգավոր գոտում քաղաքացիական անձինք չկան. դպրոցները չեն գործում. Վայոց ձորի մարզպետ

Ջերմուկ քաղաքում այս օրերին  բնակչության տեղահանման և տարհանման հետ կապված բոլոր միջոցառումները պատշաճ ձևով իրականացվել են: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Ջերմուկում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարեց Վայոց  ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը:

Նրա խոսքով, բնակիչների մի մասը տեղափոխվել է պաշտպանական վայրեր, ապաստարաններ, մյուս մասը՝ մոտիկ անվտանգ տարածքներ: «Հնարավոր բոլոր միջոցառումներն իրականացվել են, որպեսզի քաղաքացիները լինեն ապահով: Մենք չենք սպասել, որ պետք է հարվածներ հասցվեն Ջերմուկ քաղաքի քաղաքացիական և այլ ենթակառուցվածքներին,  դրա համար անակնկալի ենք եկել: Ջերմուկի  քաղաքացիական բնակչության շրջանում որևէ կորուստ չի գրանցվել: Այս պահին Ջերմուկի վտանգավոր գոտում քաղաքացիական անձինք չկան»,-ասաց մարզպետը:

Նա նաև ընդգծեց, որ այն հատվածներում, որտեղ Ադրբեջանն առաջխաղացում է ունեցել, բնակիչներ ու քաղաքացիական ենթակառուցվածքներ չկան. Արոտավայրեր և այլ տարածքներ են:

«Հաշվի առնելով մեր երեխաների անվտանգությունը, դադարեցվել են դասընթացները դպրոցներում: Մենք հիմա մտածում ենք այլ միջոցառումներ, որպեսզի այդ երեխաների կրթություն ստանալու իրավունքն ապահովենք»,-ասաց Արարատ Գրիգորյանը:

Նշենք, որ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներն այժմ Ջերմուկում են` ծանոթանալու ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքներին:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի, ԱԹՍ-ների, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, մասնավորապես հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Ջերմուկի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը ու սահմանամերձ բնակավայրերը, հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Սեպտեմբերի 14-ի երեկոյան Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։
 
Սեպտեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ զոհերի ճշգրտված թիվը 135 է, սակայն այն վերջնական չէ։

ՊՆ տեղեկացմամբ, սահմանին այս պահին հանգիստ է։