Հակառակորդի 10-12 հոգանոց ջոկատը կտրված գտնվում է բլրի գագաթին, շրջափակման մեջ. եթե սնուցում չլինի, դուրս են գալու. ԳՇ պետ

Ոչ թե հակառակորդը ամբողջ ճակատով հասել է Ջերմուկի մատուցներ, այլ մի խումբ կտրված իր ստորաբաժանումներից գտնվում է այդ բլրի գագաթին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Ջերմուկում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։

«Կենսունակության տեսակետից եթե այդ խմբին սնուցում չլինի, թե սննդով, թե ջրով, հատուկ ստորաբաժանում լինի, ապա մի քանի օրվա ընթացքում նրանց ռեսուրսները լրիվ կսպառվեն և ստիպված կլինեն այդտեղից դուրս գալ: Այդ խումբը կողքերից շրջափակված է մեր ստորաբաժանումների կողմից:

Այսինքն մարտավարական իրադրությունը կայուն է և մեր հմուտ գործողությունների արդյունքում այդ խումբը այդտեղից կհեռանա: Թույլ չենք տա, որ ապահովվի նրանց կենսունակությունը, մեքենաների շարժ դեպի մեր տարածք չեն լինի: Այդ խումբը հետ կքաշվի, կմիանա իրենց հիմնական ստորաբաժանումներին, որոնք Ջերմուկից գտնվում են 7-8-10 կմ հեռավորության վրա»,-ասաց նա՝ հավելելով, որ այդ ջոկատը կարող է լինել 10-12 հոգի, ոչ ավելին:

Նշենք, որ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներն այժմ Ջերմուկում են` ծանոթանալու ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքներին:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի, ԱԹՍ-ների, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, մասնավորապես հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Ջերմուկի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը ու սահմանամերձ բնակավայրերը, հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Սեպտեմբերի 14-ի երեկոյան Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։
Սեպտեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ զոհերի ճշգրտված թիվը 135 է, սակայն այն վերջնական չէ։