Սերժ Սարգսյանը Էրդողանի քաղաքական կենսագրության հայկական ապտակն է

Սերժ Սարգսյանը պատվի մարդ է, և աշխարհը գիտի դրա մասին։ Կարելի է համակրել կամ չհամակրել ՀՀ երրորդ նախագահին, բայց առնվազն տխմարություն է չհամակերպվել նրա էության հիմնական առանձնահատկության հետ։

Երեկ, Նարեկ Սարգսյան անունով մի երիտասարդ, ով իրեն որպես քաղաքական վերլուծաբան է ներկայացնում, որոշել է համալրել ՀՀ 3-րդ նախագահի քաղաքական կապիտալից կախվողների շարքերը։

Սույն անհատի մտքերն ավելի շատ Ջոնաթան Սվիֆթի աշխարհահռչակ ստեղծագործության սցենարն էր հիշեցնում, քան վերլուծություն, առավել ևս՝ քաղաքական։ Սցենար, որտեղ նենգ թզուկներն անհաշտ պայքար են մղում իրենց իրականություն ներխուժած Գուլիվերի դեմ։

Նարեկը փորձում է թաքնվել ՀՀ -ին նախագահի հեղինակության հետևում՝ ներկայանալով որպես նրա թիմակից և աշակերտ։ Շահադիտական մղումներից ելնելով հրապարակումներ անելուց անդին, կա ավելի ծանր կարգավիճակ, որը բնութագրում է Նարեկին՝ ուսուցանվել քաղաքական լիդերից, բայց այդպես էլ ճապաղ մնալ, հիմնադիր նախագահի թիմակից ինքնահռչակվել, բայց թայֆավազությամբ տառապել, հայրենիքի մասին կոկորդիլոսի արցունքներ թափել, բայց օտար ափերում ֆռֆռալ։

Նարեկի կարգավիճակն երևի չի ներել նրան, որպեսզի ժամանակին 1֊ին նախագահից անձամբ լսելու հնարավորություն ունենար վերջինիս և Սերժ Սարգսյանի քաղաքական կենսագրությունների ամենից կարևոր ընդհանրական դրվագի մասին։ Այն, որ 1֊ին և 3֊րդ նախագահները 2008 թ-ին քաղաքական մրցակիցներ լինելուց զատ, առաջին հերթին այս պետության ծնունդն ընդունած գործիչներ են։

Այո՛, պատերազմական իրավիճակում ընդդիմությունը չպետք է թիրախավորի իշխանությանը, բայց դա այն դեպքում, երբ դա ազգային ու պետական շահերը սպասարկող իշխանություն է, այլ ոչ թե թշնամու պաշտոնական ներկայացուցիչը մեր երկրում։

Մի քանի փաստով թարմացնեմ Նարեկի ընտրովի ամնեզիայի ենթարկված և օրվա կասկածելի քաղաքական հովերի շահերը սպասարկող հիշողությունը.

  1. Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին քաղաքական ընդիմությունն իրեն զգացել է ինչպես ձուկը՝ ջրում, առաջին նախագահի թիմակիցների հանդեպ ոչ միայն չի իրականացվել վհուկների որս, այլև նրանցից շատերն նույնիսկ արժանացել են պետական բարձր պարգևների, ստանալով դրանք անձամբ Սերժ Սարգսյանի ձեռքից։ Երրորդ նախագահի լայնախոհության շնորհիվ է հաղթահարվել մարտի մեկյան ներհասարակական ճգնաժամը։
  2. Սերժ Սարգսյանի ու իր թիմակիցների համար ներկա իրականությունը ներքաղաքական պայքար չէ, այլ հայրենիքի փրկությանն ուղղված ճիգ։ Եվ սա ոչ միայն մեր տեսակի բնույթից ելնելով, այլ որովհետև հնարավոր չէ քաղաքական գործիքներով պայքարել կոլոբորոցիոնիստ իշխանության դեմ, որովհետև կապիտուլացված երկրներում չկան սուվերեն ներքաղաքական գործընթացներ։
  3. Սերժ Սարգսյանը 2018թ-ին՝ իր և ՀՀ հիմնադիր ու երկրորդ նախագահի կողմից մղված 30 ամյա պայքարը Արցախի ժողովրդի ազատության համար գրեթե հասցրել էր մեզ համար ցանկալի արդյունքի։ Արցախի հերոս Սերժ Սարգսյանը հայ ժողովրդի անվտանգության երաշխավորն էր, հայ զինվորի փառահեղ հրամանատարը, հայ մարդու երաշխավորված ու կայուն ապագայի գրավականը։

Եվ վերջապես, Սերժ Սարգսյանը Էրդողանի քաղաքական կենսագրության հայկական ապտակն է։

Անբարոյական է համեմատության եզրեր փնտրել երկու տնտեսական, երկու ներհասարակական ճգնաժամ հաղթահարած, քառօրյա պատերազմ հաղթած, զինված հեղաշրջման փորձ տապալած և ի վերջո սեփական ժողովրդի ցանկությանն ընդառաջ գնացած նախագահի ու թուրքական հարճի իշխանությունների

միջև։

Լևոն Նազարյանի ֆեյսբուքյան էջից