Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ՀԱՊԿ ուժերի կիրառման մասին խոսք չկա. ՀԱՊԿ շտաբի պետ

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ՀԱՊԿ ուժերի կիրառման մասին խոսք չկա, կազմակերպությունը հակամարտության խաղաղ լուծման հույս ունի, ասել է ՀԱՊԿ միավորված շտաբի պետ Անատոլի Սիդորովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Եկեք իրադարձություններից առաջ չընկնենք։ Ցանկանում եմ միայն ասել, որ սեպտեմբերի 13-ին մեր պետությունների ղեկավարները միաձայն հայտարարել են, որ այն խնդիրը, որն այսօր գոյություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև, պետք է լուծվի քաղաքական-դիվանագիտական մեթոդներով»,- ասել է Սիդորովը՝ ի պատասխան լրագրողների այն հարցի, թե արդյոք կան Հայաստանի և Ադրբեջանի սահման խաղաղապահ զորակազմ ուղարկելու պլաններ։

«Ռազմական ուժի կիրառման մասին, այն էլ՝ ՀԱՊԿ-ի ներգրավմամբ, ոչ սեպտեմբերի 13-ին, ոչ երեկ, ոչ այսօր և, ես կարծում եմ, ոչ էլ առաջիկայում խոսք չկա»,- ընդգծել է նա։

Սիդորովը հիշեցրել է, որ կողմերը պայմանավորվել են հրադադարի մասին։ «Մենք հույս ունենք, որ այսուհետ ևս գործընթացները կլուծվեն խաղաղ ճանապարհով, առանց զենքի և ուժի կիրառման»,- ավելացրել է նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաև ԱԹՍ-ներ: