Թշնամին կրակ է բացել Նորավանի բարձրավոլտ լարերի ուղղությամբ․ 2 օր է՝ Սիսիանի 8 գյուղ հոսանքազրկված է

Թշնամին կրակ է բացել Նորավանի, Աղիտուի և հարակից գյուղերի ուղությամբ։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը և կից լուսանկարներ հրապարակել։

«Թշնամին վնասել է Նորավանի և հարակից գյուղերի քաղաքացիական մի շարք ենթակառուցվածքներ, մասնավորապես կրակ է բացել Նորավան գյուղի բարձրավոլտ լարերի ուղղությամբ, որի հետևանքով արդեն 2 օր է, ինչ հոսանքազրկվել է Սիսիանի շրջանի 8 գյուղ: Կրակոցների հետևանքով վնասվել են հիմնանորոգված ճանապարհի մի քանի հատվածներ, բնակչի մեքենա, կոմբայն, շարքացան, փլուզվել է «Հովվի տան» շենքը:

Ինչպես գյուղապետն է նշում, բնակիչների մոտ խուճապ չկա: Որոշ բնակիչներ սեփական նախաձեռնությամբ գյուղից տարհանել են կանանց և երեխաներին»: