ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին երկխոսության կոչ է արել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռազմական գործողությունների վերսկսման մասին հաղորդագրություններով, և կողմերին կոչ է անում միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու համար։ Այս մասին ասված է ՄԱԿ-ի ղեկավարի անունից նրա մամուլի քարտուղարի տարածած հայտարարության մեջ։

«Նա կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու, առավելագույն զսպվածություն ցուցաբերելու և մնացած բոլոր չլուծված խնդիրները երկխոսության և գոյություն ունեցող (բանակցային) ձևաչափերի շրջանակներում լուծելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։

Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նաև կոչ է արել լիովին հետևել նախկին պայմանավորվածություններին և աջակցություն հայտնել տարածաշրջանում շարունակվող միջնորդական ջանքերին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍներ: