Իշխան Սաղաթելյանը Վեհափառ Հայրապետին, ՀՀ նախկին նախագահներին, ԱԳ և ՊՆ նախարարներին, երկրի ազդեցիկ դեմքերին հրավիրում է մեկ սեղանի շուրջ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ԱԺ-ում լրագրողնեի հետ զրույցում ասաց. «Վիճակն օրհասական է, անհրաժեշտ է երկրի բոլոր ազդեցիկ դեմքերն առաջիկայում հավաքվեն մեկ սեղանի շուրջ՝ սկսած հայոց Վեհափառից, վերջացրած նախկին նախագահներ, արտաքին գործերի բոլոր նախարարներ, Գլխավոր շտաբի պետեր, պաշտպանության նախկին նախարարներ։ Պետք է հավաքվենք մի սեղանի շուրջ, կարող ուժերը պետք է համախմբվեն, ընդունեն համապատասխան որոշումներ երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու համար։ Այս մադիկ ի վիճակի չեն, ադեկվատ չեն ղեկավարելու մեր երկիրը։ Ազգային ժողովի ամբիոնից բազմաթիվ անգամ ասվել է՝ դուք խաղաղություն չեք բերելու, դուք պատերազմի, քաոսի, պարտության խորհրդանիշն եք»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաև ԱԹՍներ:

ՊՆ տեղեկացմամբ, ժամը 14։00-ի դրությամբ իրադրությունը հայադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ: Չնայած հրետակոծության ինտենսիվության զգալի թուլացմանը՝ հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։ Ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհերի նախնական թիվը՝ 49–ն է։