Հայաստանը կդիմի ՄԻԵԴ՝ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով

Կառավարության Միջազգային իրավական հարցերով գրասենյակը Մարդու իրավունքների եվրոպական դատարան միջանկյալ միջոց կիրառելու պահանջով դիմում է ուղարկելու՝ ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի: Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց Միջազգային իրավական հարցերով գրասենյակի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։

«Առաջիկա ժամերին դիմումը կուղարկվի։ Բացի այդ նամակ ենք ուղարկելու ՄԱԿ–ի Արդարադատության միջազգային դատարան՝ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ»,– ասաց Հասմիկ Սամվելյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաև ԱԹՍ-ներ:

ՊՆ տեղեկացմամբ, ժամը 14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ: Չնայած հրետակոծության ինտենսիվության զգալի թուլացմանը՝ հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։ Ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհերի նախնական թիվը՝ 49–ն է։