Զենքը վայր չդրած եւ ադրբեջանցիների ուղղությամբ կրակ բացած զինծառայողը միանշանակ Տարոն Անդրեասյանն է. Սիրանուշ Սահակյան

Օրեր առաջ սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութի հայ զինծառայողը, որը միայնակ փորձում էր կանգնեցնել ադրբեջանական շարասյանը, Տարոն Հարությունի Անդրեասյանն է, կասկած չկա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում՝ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

«Ուսումնասիրվել է տեղանքը, համածառայակցի՝ նախկինում տրված հայտարարությունները, նաեւ լուսանկարները։ Խորհրդակցել ենք նաեւ փորձագետների հետ եւ հիմա միանշանակ կարող ենք հաստատել, որ տեսանյութի տղան Տարոն Հարությունի Անդրեասյանն է»,– ասաց Սիրանուշ Սահակյանը։

Պաշտպանության նախարարությունից NEWS.am-ին օրեր առաջ ասել էին, որ աշխատանքներ են սկսել հայ զինվորին նույնականացնելու, դեպքի ամսաթիվը ճշգրտելու եւ տեղանքը որոշելու ուղղությամբ։ ՊՆ–ն առայժմ նույնականացման արդյունքների մասին չի հայտնել։

Հիշեցնենք, որ մոտ մեկ շաբաթ առաջ տարածված տեսանյութում երեւում էր, թե ինչպես են ադրբեջանցիները հայ զինվորին համոզում զենքը վայր դնել ու հանձնվել՝ խոստանալով, որ նրան չեն սպանի, բայց հայ զինծառայողը չի համաձայնում, ապա կրակ է բացում ադրբեջանցիների ուղղությամբ, որից հետո նրանք նույնպես կրակում են։

Տարոն Անդրեասյանը համարվում է անհետ կորած։