ՀՀ առողջապահության նախարարը հանդիպել է ԱՀԿ գլխավոր տնօրենի հետ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային կոմիտեի Իսրայելում անցկացվող 72-րդ նիստի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսին: Այս մասին Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ։

«Խոսել ենք առողջության առաջնային պահպանման օղակի, առողջության համապարփակ ապահովագրության ներդրման, էլեկտրոնային առողջապահության և ոլորտի այլ բարեփոխումներից, ԱՀԿ-ի հետ սերտ համագործակցությամբ իրականացվող ծրագրերի և ձեռքբերված պայմանավորվածությունների ընթացքից:

Հաշվի առնելով հոկտեմբերի 5-7-ը Հայաստանում անցկացվելիք Արագ արձագանքման բժշկական թիմերի բարձր մակարդակի 5-րդ գլոբալ հանդիպման նշանակությունը` քննարկել ենք նախապատրաստական աշխատանքները, ընդգծելով նման միջոցառման անցկացման կարևորությունը»,- հայտնել է ՀՀ առողջապահական գերատեսչության ղեկավարը:

Նա հավելել է, որ քննարկել են նաև միջազգային մակարդակով համաճարակային սպառնալիքին պատրաստվածության շուրջ իրավական փաստաթղթի մշակման և ընդունման ուղղությամբ տարվող աշխատանքները` կարևորելով երկրների պատրաստվածությունը հնարավոր համավարակների հաղթահարման գործում: