Ընդդիմությանը մանդատներից զրկելու հարցը տարվա վերջում կմտնի ԱԺ խորհուրդ. ԱԺ նախագահ
Օրենքի պահանջ է, որ եթե լրանում է պատգամավորների անհարգելի բացակայությունների թույլատրելի չափը, հարցը մտնում է օրակարգ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցին:
«Պետք է նստաշրջանն ավարտվի, դրա մասին մենք կարող ենք խոսել դեկտեմբերին: բայց ես վստահ եմ, որ իրենք փորձելու են ինչ-որ ձևով կա՛մ բժշկի թուղթ ներկայացնել, կա՛մ ինչ-որ ձևով գալ ու մասնակցություն ապահովել, իբր, իրենց օրակարգով, դա էլ պարզ չէ, թե ինչ է նշանակում: Տարվա վերջում, ըստ տվյալների, հարցը կմտնի ԱԺ խորհուրդ ու որոշում կկայացվի»,- ասաց ԱԺ նախագահը:
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների՝ խորհրդարանի նիստը բոյկոտելու և Ազգային ժողովից դուրս քննարկումներ անցկացնելու գործողութունների վերաբերյալ լրագրողի հարցին Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Անլուրջ եմ համարում»,- համոզմունք հայտնելով, թե այն չի հարվածի ԱԺ վարկին, քանի որ գործող խորհրդարանն ունի ամենաբարձր լեգիտիմությունը։
«Իսկ ընդդիմությունը, կարելի է ասել, ամենացածր լեգիտիմություն ունեցող ընդդիմությունն է մեր պատմության մեջ, և նրանք թող մի հատ էլ այլընտրանքային պետություն հիմնեն»,-հայտարարեց Սիմոնյանը։