ԵՄ-ի և Ռուսաստանի միջև վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը կասեցվել է

Եվրամիությունն ամբողջությամբ կասեցրել է Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը։ Այժմ վիզաների տրամադրման ընդհանուր կանոնները կտարածվեն Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների վրա, որոնք պատրաստվում են այցելել ԵՄ երկրներ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Մասնավորապես, վիզայի արժեքը 35-ի փոխարեն կկազմի 80 եվրո, անհրաժեշտ կլինի տրամադրել նաև փաստաթղթերի ընդլայնված ցանկ, իսկ հարցումների մշակման առավելագույն ժամանակը կավելանա մինչև 45 օր:

Համաձայն ԵՄ երկրների հյուպատոսական հիմնարկների համար Եվրոպական հանձնաժողովի առաջարկությունների՝ զբոսաշրջության նպատակով ԵՄ մուտքի արտոնագրի համար Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների դիմումների քննարկումը պետք է իրականացվի ոչ առաջնահերթ ռեժիմով: Առաջնահերթությունը կտրվի ԵՄ քաղաքացիների ընտանիքի անդամներին, լրագրողներին, այլախոհներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ուսանողներին և գիտնականներին։

Բացի այդ, Եվրահանձնաժողովը խորհուրդ է տալիս ԵՄ երկրներին ռուսներին չտրամադրել երկարաժամկետ վավերականության բազմակի վիզաներ:

Նոր ընթացակարգի համաձայն՝ ԵՄ ցանկացած երկիր հնարավորություն ունի կոնկրետ ռուսների մուտքի հարցով խորհրդակցել ԵՄ այլ երկրների հետ։