Թուրքիան գիտի հունական զինված ուժերի կոմպետենցիայի մասին․ Հունաստանի վարչապետը պատասխանել է Էրդողանի սպառնալիքներին

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ Աթենքը կփորձի բաց պահել Անկարայի հետ կապի խողովակները՝ չնայած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնչեցրած սպառնալիքներին:

Օրերս Էրդողանը թուրք-հունական լարվածության համատեքստում հայտարարել էր. «Մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ»: Ի պատասխան՝ Միցոտակիսն ասել է. «Պարոն Էրդողան, Հունաստանի դեմ փաստորեն այլ դատարկախոսություն չունեք»: Նրա այս խոսքերն ուղեկցվել են բազմության բուռն ծափողջություններով:

Associated Press-ի հարցին, թե կարո՞ղ է նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավորած Թուրքիայի հռետորաբանության սրացումը դառնալ զինված հակամարտության նախաբան, Միցոտակիսը պատասխանել է. «Ես չեմ հավատում, որ դա երբևէ տեղի կունենա։ Եվ եթե, Աստված մի արասցե, տեղի ունենա, Թուրքիան ջախջախիչ պատասխան կստանա։ Եվ ես կարծում եմ, որ նրանք հիանալի գիտեն այդ մասին։ Թուրքիան գիտի հունական (զինված) ուժերի կոմպետենցիայի մասին»,- ասել է նա։

«Ես Թուրքիայի նախագահի այդօրինակ հայտարարություններն անընդունելի եմ համարում: Բայց մենք միշտ կփորձենք բաց պահել կապի խողովակները»,- նշել է Հունաստանի վարչապետը՝ հավելելով, որ ինքը միշտ պատրաստ է հանդիպել Էրդողանի հետ։

Միցոտակիսն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Թուրքիայում որքան մոտենում է խորհրդարանական և նախագահական ընտրութունների օրը, այնքան Էրդողանն ավելի շատ է անում ազգայնական հայտարարություններ: