Գերմանիայի արտգործնախարարն անսպասելիորեն ժամանել է Կիև

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը ժամանել է Կիև, գրում է Die Zeit թերթը։

«Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է՝ զենքի մատակարարմամբ, մարդասիրական և ֆինանսական աջակցությամբ»,- ասել է նա ժամանելուն պես:

Լրագրողները գրում են, որ այցը եղել է գաղտնի և չնախատեսված։ Բերբոկը  այսպիսով ցանկանում էր համերաշխություն հայտնել Ուկրաինային։ Ինչպես հայտնում է Tagesschau հեռուստաալիքը,  նախարարն անվտանգության նկատառումներից ելնելով՝ ժամանել էր գիշերային գնացքով։

Վերջին անգամ Բերբոկը  Ուկրաինայում եղել է մայիսի 10-ին: Այդ ժամանակ այցի ընթացքում նա եղել է Կիևի մարզի Բուչա քաղաքում, զրուցել Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովայի, ինչպես նաև իր ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։