Վլադիմիր Գասպարյանի և ոստիկանության 3 նախկին պաշտոնյաների գործերը տեղափոխվել են հակակոռուպցիոն դատարան

Հայաստանի նախկին ոստիկանապետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի և ոստիկանության 3 նախկին պաշտոնյաների գործը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանից տեղափոխվել է հակակոռուպցիոն դատարան։

Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 1997-2011 թվականներին զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության /2007 թվականի փետրվարի 3-ից` ռազմական ոստիկանության / վարչության պետի, ապա ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնները, կատարել է իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում։ Բացի այս, ըստ մեղադրանքի՝ Գասպարյանը, 2011-2018 թվականներին զբաղեցնելով ոստիկանապետի պաշտոնը, դիրքն օգտագործել է ծառայության շահերի հակառակ` ոստիկանության հաշվեկշռում գտնվող 15.000.000, և 10.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքը սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է բնակարանային պայմանների բարելավման կարիք չունեցող ոստիկանության ծառայողներին, ինչի արդյունքում անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ։

Բացի այդ, կատարել է իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում` ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող 10.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքը սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է ՀՀ ոստիկանության ծառայողին»:

Վլադիմիր Գասպարյանից բացի՝ այս գործով անցնում են նաև նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը՝ առանձնապես խոշոր չափերով յուրացման, ծանր հետևանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքի հոդվածով, ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Վարդան Թունյանը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու, ծանր հետևանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով յուրացման համար, իսկ ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու համար:

Ըստ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգի՝ այս գործով առաջիկա նիստը նշանակված է սեպտեմբերի 26-ին, իսկ նախագահող դատավորը Վարդան Գրիգորյանն է։ Գործը սեպտեմբերի 1-ին ընդդատության կարգով փոխանցվել է հակակոռուպցիոն դատարանին: