ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է ահաբեկչությունը Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դատապարտել է ահաբեկչական գրոհը Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ, ասված է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ: Այս մասին գրում է «Ինտերֆաքսը»:

«Գլխավոր քարտուղարը վճռականորեն դատապարտում է Քաբուլում գրոհը ՌԴ դեսպանատան անմիջական մերձակայքում»,- նշված Է փաստաթղթում:

Դյուժարիկն ընդգծել է, որ Գուտերեշը «ցավակցություններ է հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում է մաղթում տուժածներին»: ՌԴ ԱԳՆ-ը հայտնել է, որ սեպտեմբերի 5-ին Քաբուլի ժամանակով 10:50-ին Քաբուլում Ռուսաստանի դեսպանության հյուպատոսական բաժնի մուտքի անմիջական մերձակայքում անհայտ զինյալը գործի է դրել պայթուցիկ սարք, ինչի հետևանքով զոհվել են դիվանագիտական ներկայացուցչության երկու աշխատակիցներ, աֆղան քաղաքացիների շրջանում նույնպես կան տուժածներ:

Քաբուլի ոստիկանության մամուլի կենտրոնի պետ Խալիդ Զադրանն իր կողմից հայտնել է, որ Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մերձակայքում ահաբեկչական գործողության հետևանքով զոհվել է վեց մարդ, այդ թվում «Թալիբանի» չորս զինյալներ և դեսպանության երկու աշխատակիցներ:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն ստանձնել են Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ պայթյունի պատասխանատվությունը, հայտնում են արևմտյան զանգվածային լրատվամիջոցները՝ վկայակոչելով ահաբեկիչների տարածած հայտարարությունը: