Արցախի, Սյունիքի, Հայաստանի գոյությունն ուղղակի վտանգի տակ է. 2

Սկիզբը` այստեղ 

Օրերս ծանոթացա Հայաստանն Արցախին կապող նոր ժամանակավոր ճանապարհով երթևեկությունը պատկերող մի տեսանյութի: Ինչո՞ւ է սա կոչվում ժամանակավոր, չգիտենք, թող իշխանությունները բացատրեն: Միգուցե այն պատճառո՞վ, որ մտադիր են առաջիկայում կառուցել մի նոր ճանապարհ, որն արդեն կմիանա Ադրբեջանի կողմից Քաշաթաղի միջանցքից ամբողջովին դուրս կառուցված և այլևս միջանցքի կարգավիճակ չունեցող ավտոճանապարհին:

Հիշյալ տեսանյութում երևում է նույն` նոր ու ժամանակավոր ճանապարհով երթևեկող ադրբեջանական բենզատարը: Սա կարծես հաստատումն է շրջանառվող այն տեղեկության, թե այդ ավտոճանապարհի շուրջ 7 կիլոմետրանոց մի հատված դուրս է Քաշաթաղի միջանցքից և Ադրբեջանի տիրապետության ներքո գտնվող տարածքում է, որտեղով իրականացվող երթևկության առնչությամբ Ադրբեջանը չունի նոյեմբերի 9-ի բարձր մակարդակով արված հայտարարության  6-րդ կետով ստանձնած հետևյալ պարտավորությունը. «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով»:

Եթե նոր ճանապարհի մի հատվածը նույնիսկ դուրս չէ Քաշաթաղի միջանցքից ապա որևէ մեկը կարո՞ղ է արցախցիներին և Հայաստանի բնակիչներին երաշխիք տալ, որ այդ բենզատարի վարորդը կամ կողքի նստածը մի նոր Ռամիլ Սաֆարով չէ, կամ ադրբեջանցի հերթական դահիճը չի լինի հետայդու նույն ճանապարհով անցնող ադրբեջանական մեկ այլ մեքենայում… Իհարկե՛ ոչ: Եվ, ուրեմն, պետք չէ զարմանալ, որ Արցախը հայաթափվում է:

Ընդգծենք, սակայն, որ թշնամուն Բերձորի, Աղավնոյի և Սուսի հանձնումը և ճանապարհի հետ կապված փոփոխությունները, գազատարի մի հատվածը թողնելն Ադրբեջանի տիրապետությանը հանձնված տարածքում և այն առավել մեծ վտանգի տակ դնելը սոսկ մի մասն են Արցախից լայնածավալ արտագաղթի պատճառների, ընդ որում, դրանք հիմնականը չեն: Հանուն ճշմարտության պետք է ասել, որ արտագաղթը մինչ այդ էլ սկսված էր:

Արցախից լայնածավալ արտագաղթի առավել կարևոր պատճառներից պետք է առանձնացնել նաև հետևյալները.

  1. Քառասունչորսօրյա պարտվողական պատերազմի աղետալի արդյունքները` տարածքային, մարդկային, ռազմատեխնիկական ահռելի կորուստներ, նախկինում եղած անվտանգային միջավայրի սասանում, տնտեսական հսկայական վնաս:
  2. 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 4-րդ կետով Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի տեղակայման սահմանված ժամկետի սահմանափակ, ավելին` ի համեմատ, օրինակ, Մերձդնեստրի և այլ պետությունների, որտեղ խաղաղսպահ զորակազմեր են տեղակայված, նույնիսկ խիստ սահմանափակ լինելը:

Հայտարարության 4-րդ կետի համաձայն` «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվելու է 5 տարի ժամկետով, որը ինքնաբերաբար երկարաձգվելու է հերթական 5-ամյա ժամկետով, եթե միայն Կողմերից որևէ մեկը տվյալ ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին»:

Հինգ տարուց 2-ն արդեն գրեթե անցել է, մնացել է 3-ը: Եվ Արցախի, և Հայաստանի բնակիչներին պարզ է, որ Ադրբեջանը շուրջ երկուսուկես տարի հետո հայտարարելու է վերոնշյալ դրույթի կիրառումը դադարեցնելու իր մտադրության մասին, և Ռուսաստանին այլ բան չի մնալու, քան իր խաղաղապահ զորակազմն Արցախից ու Քաշաթաղի (Լաչինի) միջանցքից (այն ժամանակ գուցե արդեն ընդամենը` Արցախն ու Հայաստանն իրար կապող ավտոճանապարհից) հանելը: Իրադարձությունների այս միանգամայն սպասելի զարգացումը, կարծում ենք, կարող է տեղի չունենալ միայն մի դեպքում` եթե մինչ այդ պատերազմ բռնկվի Ռուսաստանի և թուրք- ադրբեջանական տանդեմի միջև:

Այսուհանդերձ, չնայած վերոնշյալ բոլոր պատճառներին, Արցախից արտագաղթը լայնածավալ բնույթ չէր ստանա, եթե արցախցին զգար, որ իր թիկունքը պինդ է, տեսներ, որ Հայաստանը ոչ թե սոսկ բառերով, Նիկոլի ու նիկոլականների կեղծ խոսքերով, այլ իրապես, գործնականում շարունակում է լինել իր անվտանգության երաշխավորը

Արցախից լայնածավալ արտագաղթի հիմնական պատճառն այն է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող, պետական դավաճանության մեջ մեղադրվող  Նիկոլն ու նրա դավաճանական իշխանությունը Հայաստանին փաստացի հանեցին Արցախի անվտանգության երաշխավորը լինելու կարգավիճակից ու դերակատարությունից:

Շարունակելի

 

Արթուր Հովհաննիսյան