Արցախի, Սյունիքի, Հայաստանի գոյությունն ուղղակի վտանգի տակ է

«Հայոց պատմության վերջին էջը կրնանք դարձնել, եթե կորցցնենք այս հողամասը… Պետք է ասեմ, որ Արցախի կորուստը հայ ժողովրդի համար հսկա կորուստ մե, որ կրնա մի քանի տասնյակ տարի հետո նշանակել հայ ժողովրդի ամբողջական անհետացումը: Արցախեն հետ, եթե ազերիները գրավեն այստեղ, հաջորդ տեղը Զանգեզուր է: Բոլքրս գիտենք, որ Զանգեզուրի վրա հողային պահանջներ ունին, պատերազմը կշարունակվի Զանգեզուրի վրա, իսկ եթե Զանգեզուրը վերցուցրին, բոլորիս համար հստակ է, թե ինչ պետք է նշանակե մեր հայրենիքի համար». Մոնթե Մելքոնյան

Այո՛, Մոնթեն անառարկելի ճշմարտությունն է ներկայացրել, թե ինչ է սպասվում մեզ Արցախը կորցնելու դեպքում. Սյունիքի կորուստ, ապա Հայաստանի, հայոց պետության կորուստ, իսկ մի քանի տասնամյակ անց նաև` հայ ժողովրդի ամբողջական անհետացում: Այս կործանարար ընթացքը կասեցնելու միայն մեկ ճանապարհ կա. հայերիս թիվ 1 ներքին թշնամուն և ընտրակեղծիքներով իշխանությանը տիրացածներին ասպարեզից հեռացնելը…

Վերջերս առիթ եղավ զրուցելու երիտասարդ տարիներին ՀՀՇ-ում եղած, հետո ՀՀՇ-ի վարած քաղաքականությանը և վերնախավին հակադրված ու ՀՀՇ-ից դուրս եկած ընկերներիցս մեկի հետ: Երբ խոսք եղավ Արցախի, նրա ներկայիս վիճակի և մշուշոտ, ավելի ճիշտ, տագնապալի ապագայի մասին, նա հիշեց և ասաց հետևյալը. «Ժամանակին Լևոնն ասում էր, որ Արցախը բեռ է Հայաստանի համար և այդ բալաստը պետք է մի կողմ նետել, Հայաստանը պետք է լինի, գոյությունը շարունակի իր ունեցած 28 000 քառակուսի կիլոմետրի վրա: Լևոնը չհասցրեց, չկարողացավ իր այդ նպատակին հասնել, հասավ նրա հոգեզավակը` Նիկոլը»:

Լռեցի, բայց մի պահ մտովի հակադրվեցի ընկերոջս` ինչպե՞ս թե հասավ… Բայց չէ՞ որ Արցախի Հանրապետությունը, թեկուզ պետական դավաճանության ու պարտվողական պատերազմի հետևանքով իր տարածքների շուրջ երեք քառորդը կորցրած, դեռ կա, գոյություն ունի, կանգուն է: Հետո ինքս ինձ այդ «դեռ» բառի վրա բռնեցի: Դեռ…

Երեկ Արցախի Հանրապետության անկախության տոնի առթիվ ֆեյսբուքյան ընկերներիցս մեկի գրառումը կարդացի` Արցախը եղել է, կա ու կլինի: Ինձանից միշտ անբաժան լավատեսությամբ հավանում տվեցի գրառմանը, բայց անմիջապես հետո հարց ծագեց` արդյոք մենք ինքներս մեզ չե՞նք հուսադրում ու խաբում, արդյոք իրատեսությունը չի՞ լքել մեզ…

Դժվար է չհամաձայնել «7 օր» լրատվավերլուծական կայքէջի և «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի հիմնադիր, ԱԺ պատգամավոր («Հայաստան» խմբակցություն) Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառմանը : Ահա թե երեկ ինչ է գրել նա  «Ո՞րն է Հայաստանի գոյության իմաստը» վերտառության ներքո.

«Արցախի անկախության օրվա կապակցությամբ կենացային մրցավազք է, կեղծ պաթոս, ճոռոմ խոսքերի անձրև, էժանագին սելֆիներ, հայրենասիրության շքահանդես։

Իրականությունն այն է, որ 44–օրյա պատերազմի արդյունքում մենք կորցրել ենք Արցախի պետականությունը և կանգնած ենք Հայաստանի պետականության կորստի առաջ։

Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ։ Հայաստանն արդեն իր իսկ անվտանգության երաշխավորը չէ։ «Անկախություն» և «տոն» բառերն այս պայմաններում դառը ժպիտ են առաջացնում․․․

Արցախի պետականության կորուստը երկար էր նախապատրաստվել։ Շուրջ 30 տարի։ Ղարաբաղյան ալիքի վրա եկածներն ու աթոռին հասնելուն պես Ղարաբաղը բեռ համարողները տասնամյակներ էին քարոզել այդ մասին։

Թշնամին նույնպես պարապ չէր նստել ու մեր երկրում տեղեկատվական դիվերսիաներ էր իրականացրել՝ հայաստանցի–ղարաբաղցի հակադրություն սերմանելով։ Նիկոլ Փաշինյանն այդ հակապետական կոդին տվեց արյունոտ վերջաբան։ Նա դարձավ Արցախի պետականության դահիճը և հավերժ նզովյալ պետք է լինի հայ ժողովրդի պատմության մեջ։

Արցախի պետականությունը մենք կորցրեցինք այն պահից, երբ քաղաքականությունը դարձավ անբարոյականություն ու դա հանդուրժվեց։ Նիկոլ Փաշինյանը անբարո քաղաքական միջավայրից ծնված գործիչ է և նրանից այլ բան չէր սպասվում, քան այն, ինչին մենք ականատես եղանք 2018–ի մայիսի 9–ից սկսած։

Հիմա մենք գաղափարափիլիսոփայական ջրբաժանի և էքզիստենցիալ ճգնաժամի առաջ ենք կանգնած։

1988–ի նախագիծը մոտ է վերջնական տապալման։ Այս տապալումն այժմ հրամցվում է «խաղաղության դարաշրջանի» պիտակով։ Այդ ուղղությամբ աշխատոմ են մեր թշնամիներն ու ՀՀ օրվա իշխանությունները։ Թե ինչով կավարտվի այս ամենը, դժվար չէ կռահել։

Մեկ բան հստակ է. Արցախը Հայաստանի գոյության իմաստն է ու առաքելությունը։ Մեզ հիմա զրկում են այդ գոյության իմաստից ու առաքելությունից, քանզի մեր թշնամիները շատ լավ գիտեն, որ գոյության իմաստից ու առաքելությունից զրկված պետությունն ու ազգը ենթակա են կործանման։ Սեպտեմբերի 2–ը սրա մասին լուրջ մտածելու խորհրդանշական օր է»:

Փաստերն անողոք են. Արցախը թափով դատարկվում է, լայնածավալ արտագաղթ կա: Ինչո՞ւ…

Որովհետև դավաճանաբար թշնամուն հանձնվեցին Բերձորը, Աղավնոն ու Սուսը` այն դեպքում, երբ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ Ադրբեջանին դրանց հանձնման վերաբերյալ հայկական կողմի պարտավորություն գոյություն չունի: Նշված բոլոր բնակավայրերը գտնվում են Քաշաթաղի (Լաչինի) միջանցքում, որի առնչությամբ հիշյալ հայտարարության  6-րդ կետում շատ պարզ գրված է. «Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդորում շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո»:

Եռակողմ հայտարարության մեջ Բերձորի, Աղավնոյի ու Սուսի առնչությամբ բացառություն չի արված, թե բացառությամբ Բերձորի, Աղավնոյի ու Սուսի, որոնք պետք է վերադարձվեն Ադրբեջանին, Լաչինի միջանցքը կմնա ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո: Բայց, այնուհանդերձ, Նիկոլը և Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 9-ի հայտարարությունը հօգուտ Արցախի և Հայաստանի մեկնաբանելու փոխարեն, մեկնաբանեցին հօգուտ Ադրբեջանի ու թշնամուն հանձնեցին վերոնշյալ բնակավայրերը:

Արցախի Ազգային ժողովի ս. թ. հունիսի 30-ի նիստում ԱՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանն ասել է. «Ինչ վերաբերում է հայաթափմանն այդ բնակավայրերի, այդ հարցը այսօր չի քննարկվել, հիմնականում խոսքը գնում է Աղավնո բնակավայրի մասին, այդ հարցը դեռ չի քննարկվում, մենք բանակցում ենք… Աղավնո բնակավայրի հետ կապված մենք անելիքներ ունենք, այդ ուղղությամբ մենք բանակցությունները շարունակում ենք տանել»:

Բա այդ ինչպե՞ս բանակցեցին, նաև Աղավնոն թշնամուն հանձնե՞լն էր այդ բանակցությունների արդյունքը… Ալիևը կամ նրա ենթականերն ի՞նչ տվեցին կամ խոստացան Արայիկին կամ Նիկոլին Աղավնոն և մյուս բնակավայրերն Ադրբեջանին հանձնելու և Քաշաթաղի միջանցքով անցնող ճանապարհի մի հատվածից հրաժարվելու դիմաց: Չգիտենք, գուցե ոչինչ էլ չտվեցին կամ չխոստացան, այլ ընդամենը պահանջեցին, ինչպես լակեյներից են պահանջում:

Բերձորի, Աղավնոյի և Սուսի հանձնումը սոսկ բնակավայրերի հանձնում չէր, արցախցին հասկացավ, որ Արցախը Հայաստանին կապող Քաշաթաղի միջանցքից, դրանով անցնող քիչ թե շատ անվտանգ ճանապարհից իրեն աստիճանաբար դուրս մղելու քաղաքականություն է իրականացվում:

Բացի վերոնշյալից, գազամատակարարման, գազատարի անվտանգության հետ կապված խնդիրներ են առաջանում` առավել, քան նախկինում: Քաշաթաղի միջանցքով, ավտոճանապարհի երկայնքով անցնող Հայաստանից Արցախ գազատարը մնացել է իր նախկին տեղում, սակայն այդ նույն գազատարի մի բավական երկար հատված այժմ արդեն Ադրբեջանին հանձնված տարածքում է:

Մի կարծեք, թե Ադրբեջանն այն միանգամից պայթեցնելու, փակելու կամ գազատարի շահագործման հետ կապված, փակելուն գրեթե հավասարազոր իր պայմանները ու պահանջներն է թելադրելու: Իր խորամանկ ու նենգ քաղաքականությանը համապատասխան, Ադրբեջանը դա կանի աստիճանաբար… Հիշո՞ւմ եք, թե մեր արտաքին ու ներքին թշնամիներն ինչպես հայերիս աստիճանաբար զրկեցին Գորիս- Կապան ավտոճանապարհով երթևկելու հնարավորությունից:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան