«Դիմադրությունը» վաղվանից խորհրդակցություններ կսկսի

«Դիմադրություն» շարժումը վաղվանից նախատեսում է խորհրդակցություններ սկսել քաղաքական ուժերի, վերլուծաբանների, փորձագետների, մտավորականների հետ։ Այս մասին «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանն ասաց հանրահավաքի ժամանակ։

«Պետք է հիմնական երկու ուղղություն լինի` ունենալ «Հայաստանը Նիկոլից հետո» զարգացման ծրագիր ու համախմբել ողջ հայ ժողովրդին` երկիրն այս վիճակից դուրս բերելու համար։ Այս իշխանությանն էլ հեռացնելու համար կա երկու ճանապարհ` հրաժարական և պաշտոնանկություն խորհրդարանի միջոցով։ Այս ձևով կարող ենք հաջողության հասնել միայն մի դեպքում` համաժողովրդական լայն ճնշման և պարտադրանքի միջոցով»,– նշեց Սաղաթելյանը։

Նրա խոսքով` խորհրդարանի միջոցով պաշտոնանկության համար անհրաժեշտ է 54 պատգամավորի ձայն, ինչպես նաև իրավաքաղական հիմքեր և վարչապետի թեկնածու։ Շարժման համակարգողը շեշտեց, որ իրավաքաղաքական հիմքերն ակնհայտ են ու ցանկացած նորմալ երկրում դրանք բավարար կլինեին իմպիչմենտ հայտարարելու համար։

Սաղաթելյանն ընդգծեց, որ պաշտոնանկության գործընթացը սկսելու համար ժամկետների առումով վերջնական եզրակացության գալու պարագայում կառաջադրեն վարչապետի իրենց թեկնածուին, որը որոշվելու է ժողովրդի մասնակցությամբ։

Նա շեշտեց, որ իրենց քայլերի մասին ժամանակ առ ժամանակ հաշվետվությամբ հանդես կգան։

Նշենք, որ «Դիմադրության» հանրահավաքը տեղի ունեցավ մոտ 2 ամսվա դադարից հետո։