Այսօրվա խորհուրդն այն է, որ կարող ենք անիրականը իրական դարձնել (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը։

1991թ․ սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը՝ հիմք ընդունելով 1990թ. ապրիլի 3-ի ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու կարգի» մասին օրենքը, ընդունեց հռչակագիր ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու մասին:

Քրիստինե Վարդանյանը անդրադառնալով Արցախի Հանրապետության անկախության հռչակմանը և 31 տարիների ընթացքում հայկական երկու պետականությունների անցած դժվարին ճանապարհին՝ ընդգծեց, որ պետականությունը դժվարին ճանապարհ է, որովհետև եթե ժողովուրդը, ազգն ուզում է գոյատևի, հարատևի, ապրի և ստեղծագործի, ընտրում է այդ ճանապարհը՝ դժվարություններով ու մաքառումներով ճանապարհը։

«Մենք կարող ենք, կարող ենք հաղթել իրականություն թվացողին․․․ այս օրը այն մասին է, որ դու կարող ես փոխել իրականությունը, դու կարող ես ստեղծել քո իրականությունը, քո իրականությունը թելադրել և պարտադրել քո գոյությունը չհանդուրժողներին, և դու կարող ես պաշտպանել այդ իրականությունը։ Մարդաքանակը չէ առաջին նախապայմանը, թվաքանակը չէ, նավթահորերն ու նավթադոլարները չեն, դա ներքին ուժն է, որը եթե դու գտնում ես քո մեջ, դու կարողանում ես փոխել իրականությունը, անհնարինը հնարավոր դարձնել։ Սեպտեմբերի 2-ը, սեպտեմբերի 21-ը դրա մասին են»,- հավելեց պատգամավորը։

Բանախոսի խոսքով՝ ամենամեծ սրիկայությունն այն  է, որ Արցախը հակադրում են լավ ապրուստին, իսկ իրականությունն այն է, որը 3-րդ հանրապետությունը հիմնված է Արցախի անկախության վրա։

Խոսելով Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումից՝ Քրիստինե Վարդանյանը հիշեցրեց հայտնի կկվի և աղվեսի պատմությունը, երբ աղվեսն ամեն անգամ հերթական ձագին է պահանջում, մնացյալի կյանքի դիմաց։ Հիմա «մեզ դա են ուզում համոզել, որ իբր Արցախը տալով, կկանգնեցնեն Թուրքիային և Ադրբեջանին․․․ Տրիվիալ հարց է՝ ինչու Թուրքիան և Ադրբեջանը Արցախը վերցնելուց հետո պետք է կանգ առնեն․․․ կկուն քանի ձագ էլ տա, չի փակելու աղվեսի ախորժակը։ Միակ տարբերակը հրաժարվելն է այդ օրակարգից»։

«Դիմադրություն» շարժման ներկայացուցիչը կարևորեց նաև այսօրվա հանրահավաքը, որը նվիրված է Արցախի Հանրապետության 31-ամյակին՝ ընդգծելով, որ մարդիկ, ովքեր վստահ են ու պնդում են, որ Արցախը պետք է լինի հայկական, Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, միայն մի տեղ ունեն իրենց այդ կարծիքը ցույց տալու, և դա Ֆրանսիայի հրապարակն է․․․

Մանրամասները՝ տեսանյութում