Արցախի Հանրապետությունը 31 տարեկան է

Աշխարհասփյուռ հայությունը նշում է Արցախի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձը 1991թ. սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում:

Այդպիսով, իրացվեց ազգերի ինքնորոշման իրավունքը, որն արտացոլված էր այն ժամանակ գործող օրենսդրության մեջ, մասնավորապես 1990թ. ապրիլի 3-ին ընդունված օրենքը, որը նախատեսում էր ազգային ինքնավարություններին իրավունք տրամադրել ինքնուրույն որոշելու սեփական պետաիրավական կարգավիճակը՝ ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում:

1991թ. դեկտեմբեր 10-ին, Խորհրդային Միության պաշտոնական անկումից ընդամենը մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում անցկացվեց հանրաքվե, որի ընթացքում ազգաբնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը, արտահայտվեց Ադրբեջանից լրիվ անկախանալու օգտին: Դրան հետևած խորհրդարանական ընտրություններում ընտրվեց ԼՂՀ խորհրդարան, որն էլ կազմեց առաջին կառավարությունը: Անկախ ԼՂՀ կառավարությունը իր պարտականությունների իրականացմանն անցավ բացարձակ շրջափակման և նրան հետևած Ադրբեջանի ռազմական ագրեսիայի պայմաններում:

Ստեղծված իրավիճակում Բաքվի պատասխան գործողությունները չուշացան։ 1991 թ. սեպտեմբերի 25-ին Շուշիից առաջին անգամ «Ալազան» տիպի հրթիռներով ռմբակոծվեց Ստեփանակերտը: Մեկնարկեց արցախյան ազատամարտը։ Պատերազմի հորձանուտում ձևավորվեց հայկական բանակը, որը կարողացավ ապահովել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը։

Ադրբեջանի խնդրանքով 1994թ․ մայիսի 12-ին ստորագրվում է հրադադարի մասին փաստաթուղթը Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների կողմից:

Անկախությունից 15 տարի անց կրկին սեպտեմբերի 2-ին համաժողովրդական հանրաքվեի միջոցով արցախցիներն ընդունեցին պետության ու հասարակության հիմնական օրենքը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունը:

2020 թվականին սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը, Թուրքիայի և Մերձավոր Արևելքի վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ, խախտելով 1994 թվականի մայիսի 12-ին ուժի մեջ մտած եռակողմ համաձայնագիրը և այլ միջազգային պայմանագրեր, Արցախի դեմ պատերազմ սկսեց։ Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ստորագրվեց եռակողմ հայտարարություն՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից։

Կրակի դադարեցման հայտարարության համաձայն՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցան Հադրութի շրջանը և Շուշին, ինչպես նաև Արցախի անվտանգության ողջ գոտին։ Արցախի շփման գծի ողջ երկայնքով և Լաչինի միջանցքում տեղակայվեց ռուսական խաղաղապահ զորակազմը։

2022 թվականի օգոստոսի 25-ին Ադրբեջանի վերահսկողության տակ անցան նաև Բերձոր քաղաքը, Աղավնո և Ներքին Սուս բնակավայրերը, քանի որ գործարկվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այն կետը, որի համաձայն Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար: Այժմ գործարկվել է Լաչինի միջանցքի նոր երթուղին, որի անվտանգությունն ապահովում են ՌԴ խաղաղապահ զորակազմի զինծառայողները։