Բորելը մեկնաբանել է Փաշինյան-Ալիև-Միշել բրյուսելյան հանդիպումը

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Twitter-ի իր էջում անդրադարձել է նախօրեին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավաների, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, հանդիպմանը:

«Ողջունում եմ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի չորրորդ հանդիպումը։ Կարևոր է շարունակել աշխատանքը խաղաղության պայմանագրի առաջխաղացման ուղղությամբ, ջանքեր գործադրել հումանիտար և կապի ոլորտներում։ ԵՄ-ն շարունակում է միանգամայն աջակցել խաղաղ, ապահով և բարգավաճ Հարավային Կովկասին»,- գրել է Բորելը։

Օգոստոսի 31-ին Բրյուսելում, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

Քննարկվել են գերիների ազատ արձակմանը և անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանը, սահմանազատմանը և սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային ապաշրջափակմանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԳ նախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ: ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա մեկ ամսվա ընթացքում:

Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում՝ նոյեմբերին:

Առաջնորդների ֆորմատով հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերին: