«Գազպրոմը» երեք օրով կդադարեցնի «Հյուսիսային հոսք»-ով գազի փոխադրումը

«Հյուսիսային հոսք» գազատարով գազի փոխադրումը նախատեսվում է դադարեցնել երեք օրով՝ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը, հայտնում է «Ինտերֆաքսը»։

Պաշտոնական հայտարարության մեջ, որը հրապարակվել է էներգետիկ մանրածախ շուկայի ամբողջականության եւ թափանցիկության մասին ԵՄ կանոնակարգին համապատասխան, «Գազպրոմ» ՓԲԸ-ն հրապարակել է վերանորոգման ժամկետները՝ օգոստոսի 31-ի ժամը 04:00-ից մինչեւ սեպտեմբերի 3-ի ժամը 04:00-ն (Մոսկվայի ժամանակով):

Հաղորդագրության մեջ նշվում է, որ անջատման պատճառը կանխարգելիչ աշխատանքն է «Պորտովայա» կայանում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Գազպրոմը», անջատումը անհրաժեշտ է միակ գործող Trent 60 կոմպրեսորային ագրեգատի տեխնիկական սպասարկման եւ կանխարգելիչ միջոցառումների համար:

«Աշխատանքների ավարտից եւ ագրեգատի տեխնիկական անսարքությունների վերացումից հետո գազի փոխադրումը կվերականգնվի մինչեւ օրական 33 մլն խ/մ»,- ավելի վաղ հայտնել էր «Գազպրոմը»։

Կանոնակարգային աշխատանքները, համաձայն տեխնիկական սպասարկման ընթացիկ պայմանագրի, պետք է իրականացվեն Siemens-ի մասնագետների հետ համատեղ:

Գազատարն ունակ է տեղափոխել օրական մինչեւ 167 մլն խ/մ գազ, սակայն հզորությունը կրճատվել է ծովային մայրուղու մեկնարկային կայանի՝ «Պորտովայա» կոմպրեսորային կայանի սարքավորումների սպասարկման ժամանակացույցի խախտման պատճառով։ Այնտեղ տեղադրված են Rolls-Royce ընկերության գազի կոմպրեսորային ագրեգատներ, որոնց գազատուրբինային բիզնեսն անցել է Siemens-ին: Կանադայի պատժամիջոցների պատճառով Siemens Energy-ի վերանորոգման բազայից մեկ տուրբին ժամանակին չի վերադարձել Ռուսաստան։ Միեւնույն ժամանակ, եկել է այլ շարժիչների հիմնական կապիտալ վերանորոգման ժամանակը, ինչպես հիմնանորոգումների միջեւ եղած ժամանակի, այնպես էլ խափանումների հետ կապված:

«Հյուսիսային հոսք»-ի աշխատանքի դադարեցումն այս ամառ Եվրոպայում գազի գնի բարձրացման պատճառ է դարձել։ Գազի գները բարձրացել են հազար խորանարդ մետրի դիմաց 3500 դոլարից: