Մայր Աթոռում Գարեգին Բ-ը հյուրերի է ընդունել

Օգոստոսի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Սիրիայի և Լիբանանի Աստվածաշնչային ընկերության նախագահ Ամին Խուրիին և Բեյրութի սուրբ Հովսեփի անվան համալսարանի ռեկտոր Հայր Սելիմ Դաքաշին։

Նորին Սրբությունը, ողջունելով հյուրերի այցը հայոց հոգևոր կենտրոն՝ գոհունակությամբ արձանագրեց, որ Կաթոլիկ և Հայ Եկեղեցիների միջև ձևավորվել է ջերմ հարաբերություններ փոխգործակցություն տարբեր ոլորտներում։

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը խոսեց նաև արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման և դրանց յուրացման քաղաքականության մասին:

Պրն․ Ամին Խուրին իր երախտագիտությունը հայտնեց Հայոց Հովվապետին ընդունելության համար՝ ընդգծելով, որ եզակի հնարավորություն է ընձեռնվել իրենց հաղորդակը լինելու քրիստոնեական հնագույն երկրներից մեկի սրբավայրերին և հոգևոր արժեքներին։