Նրբերշիկները թափել են, դպրոցական իրերն էլ չեն սպառվել. ի՞նչ է կատարվում «Փեթակում». Armeniasputnik.am

«Փեթակում» բնականոն հունով կսկսեն աշխատել վաղվանից։ Տնտեսվարողների մի մասը լուրջ վնասներ է կրել, հիմա նրանց հույսը զբոսաշրջիկներն են։

Օգոստոսի 14-ին «Սուրմալուում» տեղի ունեցած պայթյուններից հետո այսօր առաջին անգամ բացվեցին «Փեթակ» առևտրի կենտրոնի դռները։

Հայտնել էինք, որ այսօր միակողմանի բացվել է դեպի «Փեթակ» տանող ճանապարհը, և առևտրի կենտրոնը սկսել է աշխատել։

Շուրջ 10 օր առանց աշխատանքի մնացած տնտեսվարողները մոտենում են իրար, հարցուփորձ անում, թե ինչ վիճակում են ապրանքները, հատկապես սնունդը։ Մսամթերք վաճառողներից մեկի` անհատ ձեռներեց Կարենի սառնարանը դատարկ է, պայթյունից հետո մթերքը տեղափոխել է այլ սառնարան։

«Պայթյունից հետո որոշեցի մսամթերքն այլ տեղ տանել, քանի որ կարճ միացման հետևանքով կարող էին սառնարաններն անջատվեին և եղածը փչանար։ Բաստուրման հետ եմ վերադարձրել, բայց արդեն որպես միս, այսինքն` ավելի էժան գներով։ Դրանից բացի, մի քանի տասնյակ կիլոգրամ էլ նրբերշիկ ու վիտչինա եմ թափել, քանի որ դրանք 7-10 օր կարող էինք պահել»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Կարենը։

Հարցին, թե արդյո՞ք նրբերշիկն այն վիճակում չի եղել, որ գոնե բաժաներ բարեկամ-հարևաններին, Կարենը հումորով է պատասխանում` ասելով, թե տվել է, բայց իրենց փողոցի Արշակի շանը։

Հավելում է` բողոքել չի սիրում, կաշխատեն, «տակ տվածը» կհանեն, չէ՞ որ «Սուրմալուում» տեղի ունեցած պայթյունի հետևանքով մարդիկ են զոհվել, մսամթերքի եղածն ինչ է, որ դարդ անի։

«Փեթակի» ժամանակավոր փակ մնալուց ամենաշատը տուժել են սեզոնային ապրանքներ ունեցողները, հատկապես նրանք, ովքեր դպրոցի պարագաներ են վաճառում։ Անհատ ձեռներեց Հրաչը «Փեթակում» դպրոցական պայուսակներ, փչովի լողավազան, հովացուցիչ է վաճառում։ Ասում է` իր առևտրի ամենալավ սեզոնն օգոստոս ամիսն է։

«Իմ տաղավարում ամենաշատը հենց դպրոցական պայուսակներ են, որոնք նոր-նոր էինք ստացել։ Նախորդ տարիների փորձը հաշվի առնելով` կարող եմ ասել, որ դրանց մեծ մասը այս 10-20 օրվա մեջ պետք է վաճառվեր։ Հիմա տեսնենք, թե այս շաբաթ ինչ կծախվի, որ մնացածը պահեստավորենք։ Այսինքն` 10 օր առևտուր չենք ունեցել, պահեստավորման համար գումար պետք է ծախսենք և դեռ հաջորդ տարի էլ կես գնով պետք է վաճառենք, որ գնեն դրանք»,–ներկայացնում է Հրաչը։

Տեղի ԱՁ-ներից Հովհաննես Հովհաննիսյանն էլ կոսմետիկա է վաճառում, ասում է, որ այսօր տաղավարը կմաքրեն, իսկ վաղվանից կսկսեն բնականոն հունով աշխատել։ «Եկել և մեր աղջկան (խմբ. `աշխատակցին) հարցնում եմ, թե ոնց է այս մի շաբաթը յոլա գնացել։ Ինքն էլ ասում է` մի կերպ` հարևանից, մյուսներից գումար է վերցրել, որ ապրի։ Հիմա եկել է աշխատանքի, և դեմքին ժպիտ կա»։

Տեղի չրավաճառներից մի կին էլ ասում է, որ իր ապրանքին ոչինչ չի եղել` չրերը հատուկ պահման պայմաններ չեն ուզում։ Կինն ասում է` հույսը զբոսաշրջիկներն են, որոնք այս ամիս բավական շատ են, և հաճախ են այցելում առևտրի կենտրոն։ «Հուսանք` վերադառնալուց առաջ կգան մեզ մոտ և առևտուր կանեն, որ չաշխատածը հանենք»։

Ի դեպ, այսօր արդեն իսկ առաջին գնորդներ էին եկել «Փեթակ», որոշակի առևտուր էլ եղավ, սակայն տաղավարներն ամբողջությամբ կբացվեն վաղը։

Հավելենք նաև, որ «Փեթակը» չնայած հոսանքազրկված է եղել, սակայն սառնարաններն աշխատել են։ Միաժամանակ, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի լրատվության բաժնից Sputnik Արմենիային հայտնեցին, որ «Փեթակում» մշտադիտարկում է իրականացվում։