Ռուսաստանը Զապորոժիեի ԱԷԿ-ի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է պահանջել

Ռուսաստանը հարց է բարձրացրել երեքշաբթի օրը՝ օգոստոսի 23-ին, Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրելու վերաբերյալ: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկու Տելեգրամ-ալիքին:

«Մենք պահանջել ենք Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի դեմ չդադարող ուկրաինական սադրանքների կապակցությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրել «միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգներ» օրակարգի կետով: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին խնդրել ենք ելույթ ունենալ այդ նիստին», – հաղորդել է Պոլյանսկին:

Նախորդ շաբաթ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Ուկրաինայում էր: Օգոստոսի 18-ին նա եռակողմ հանդիպում է ունեցել Լվովում Ուկրաինայի և Թուրքիայի նախագահների հետ Զապորոժիեի ԱԷԿ-ի թեմայի շուրջ: Հանդիպումից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել շտապ համաձայնության հասնել Զապորոժիեի ատոմակայանի քաղաքացիական կարգավիճակի վերականգնման և տվյալ գոտու անվտանգության ապահովման վերաբերյալ: Ուկրաինայի նախագահ Զելենսկին իր հերթին հայտնել է, որ եռակողմ հանդիպման ընթացքում համաձայնեցվել են Զապորոժիեի ԱԷԿ-ում ՄԱԳԱՏԷ-ի՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հնարավոր առաքելության չափանիշները: