Դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց Աղվան Հովսեփյանի պաշտպանների կողմից ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստին մերժեց ինքնաբացարկ հայտնելու մասին պաշտպանների միջնորդությունը։

Մնացական Մարտիրոսյանը մերժել է միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։

Պաշտպանական կողմը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել, շեշտելով, որ Մնացական Մարտիրոսյանն օբյեկտիվ կերպով չի քննում գործը, ինչպես նաև հաշվի չի առնում Աղվան Հովսեփյանի առողջական ծանր վիճակը։

Պաշտպան Երեմ Սարգսյանը դատարանում լրագրողների հետ զրույցում նշել էր, որ ամբաստանյալի առողջական վիճակի վատթարացման պայմաններում դատարանը պարտավոր է անհապաղ դատական նիստ հրավիրել և փոխել նրա խափանման միջոցի հարցը. «Մնացական Մարտիրոսյանը ընտրեց խուսափելու մեթոդը, իբր թե նոր հանգամանք չենք ասել։ Այս աբսուրդների մակարդակը, որ պարոն Մարտիրոսյանը անում է և փորձում է փաթաթել հասարակության վզին, իրավաբանական մեթոդներ է կարդում, ուզում է տպավորություն թողնել, թե իբր օրինական որոշում կայացրեց»։

Աղվան Հովսեփյանի արյան մեջ գլյուկոզայի մակարդակը բարձրացել էր մինչև 31.6 մմոլ/լ-ի, ինչը կարող է նաև կրկնվել։ Բժիշկները մասնագիտական կարծիք են ներկայացրել առ այն, որ Աղվան Հովսեփյանի մոտ առկա են դիաբետի դեկոմպենսացիայի հետևանքով առաջացած քրոնիկական բազմաթիվ բարդություններ, մեծ է հավանականությունը արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացման՝ ընդհուպ մինչև 31 և ավելի մմոլ/լ, որը կարող է հանգեցնել կոմայի, ինչը ծանր վտանգ է համարվում մարդու առողջության և կյանքի համար։ Այս հանգամանքով պայմանավորված՝ պաշտպանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Աղվան Հովսեփյանի առողջական վիճակով պայմանավորված Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման փոփոխման հարցը քննարկման առարկա դարձնելու համար։

Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է 2021թ սեպտեմբերի 7-ին։ Նախաքննական մարմինը մինչ այդ շուրջ 1.5 տարի քննություն էր իրականացրել՝ առանց Հովսեփյանին հարցաքննության հրավիրելու։ Նրան միանգամից մեղադրանք են առաջադրել և որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Քրեական գործի շրջանակներում Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: