Պետք է միջոցներ ձեռնարկել խաղաղապահ զորախմբի մանդատը միջազգայնորեն հաստատելու ուղղությամբ. Փաշինյան

Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ իրավիճակը ծայրահեղորեն սրվել է: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 4-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Տեղի ունեցած մարտերի հետևանով ԼՂ  ՊԲ-ի 19 զինծառայող վիրավորվել է, երկու զինծառայող զոհվել: Խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել զոհված զինծառայողների հիշատակը: Վիրավոր զինծառայողներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,-ասաց նա:

Փաշինյանը նաև նշեց. «Այս օրերին տեղի ունեցող և սրանից առաջ տեղի ունեցած մի շարք իրադարձություններ համակարգային բնույթի հարցեր են ի հայտ բերում: Բազմիցս եմ ասել, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայությունն ու գործունեությունը առանցքային գործոն են արցախահայության անվտանգության ապահովման համար, և մենք բարձր ենք գնահատում ՌԴ ջանքերը մեր տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովման հարցում: 2020-ի նոյեմբերից ի վեր ԼՂ-ում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, այդ թվում վերջին օրերի իրադարձությունները, հայ հանրության շրջանում առաջ են բերում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի բովանդակության և էության հետ կապված հարցեր:

2020-ի դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի կողմից Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի գրավումը և հայ զինծառայողների գերեվարումը ռուս խաղաղապահների ներկայությամբ և թողտվությամբ, 2022-ի մարտի 24-ին ԼՂ Փառուխ գյուղի գրավումը կրկին ՌԴ խաղաղապահների ներկայությամբ, շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի շարունակական և ահագնացող խախտումները, ԼՂ հայությանը խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես և հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը պարզապես անընդունելի են:

Այս համատեքստում խիստ անհրաժեշտ է դառնում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը: Սա  անհրաժեշտ է եղել ի սկզբանե՝ ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի տեղակայմանը զուգընթաց: Բայց պետք է խոստովանել, որ այս գործընթացին խոչընդոտել է Ադրբեջանը՝ հրաժարվելով ստորագրել ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի գործունեության մանդատը, մինչդեռ Հայաստանը դա արել է հենց 2020-ի նոյեմբերին, և մենք ակնկալում ենք, որ երկկողմ ֆորմատով ստորագրված այդ մանդատը կգործի իր ամբողջ ծավալով:

Բացի այդ, գոյություն ունեն թեմային առնչվող մի շարք ինստիտուցիոնալ հարցեր. Մասնավորապես, 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության երրորդ կետում հստակ նշված է, որ ԼՂ-ում կա շփման գիծ, որի երկայնքով էլ տեղակայվում են ռուս խաղաղապահ ուժերը: Հենց այս տարածքն է կոչվում ԼՂ-ում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի, և մենք ակնկալում ենք, որ շփման գծի հատման ցանկացած փորձ կկասեցվի ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից, իսկ շփման գծից ներս գտնվող ադրբեջանական ստորաբաժնումները դուրս կբերվեն:

Վերադառնալով ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի մանդատի թեմային, պետի կրկնեմ, որ մեր կարծիքով Հայաստանի և Ռուսաստանի ստորագրությունը բավարար են այդ մանդատն ամբողջությամբ իրագործելու համար: Իսկ եթե ոչ, ապա պետք է միջոցներ ձեռնարկել այդ մանդատը միջազգայնորեն հաստատելու կամ  խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատով օժտելու ուղղությամբ:

Ես հիմա չեմ ուզում շատ աշխտանքային մանրամասներ բացել, բայց այս հարցերը մեզ հուզել են հենց 2020-ի նոյեմբերից, մենք ջանքեր ենք գործադրել կոնկրետ լուծումների հասնելու համար, և հիմա այդ ջանքերը պետք է կրկնապատկել ու եռապատկել»,-ասաց նա: