Աշխարհն այսօր նման է եռացող ու կափարիչը պինդ փակած կաթսայի

Ու դրա տակ վառվող կրակը Սատանայի ճտերն անընդհատ թեժացնում են

 

Աշխարհն այսօր նման է եռացող ու կափարիչը պինդ փակած կաթսայի, որի տակ վառվող կրակը Սատանայի ճտերը` ԱՄՆ-ի, Արևմուտքի վճռորոշ դերակատարում ունեցող ռազմաքաղաքական գործիչները, անընդհատ թեժացնում են:

Դոնբասում և Ուկրաինայում ընթացող արյունալի հակամարտությունը կարծես քիչ է, մեր տարածաշրջանում Ադրբեջանի կամ Արևմուտքի կողմից իշխանության բերվածների սադրանքով ցանկացած պահի կարող է բռնկվել մեծ պատերազմ` սկզբում Ադրբեջանի, Հայաստանի զինված ուժերի, Արցախի պաշտպանության բանակի, ապա նաև Ռուսաստանի և Թուրքիայի զինված ուժերի մասնակցությամբ:

Երկու օր առաջ, ինչպես ասում են, մազ մնաց, որ Եվրոպայում երկրորդ մեծ պատերազմը բռնկվեր Կոսովոյի և Սերբիայի միջև` Կոսովոյի սադրանքի արդյունքում, որի ետևում դարձյալ երևում են, Իրանի հոգևոր առաջնորդի դիպուկ բնորոշմամբ, «մեծ շեյթանի»` ԱՄՆ-ի ականջները: Պատերազմ, որում անուղղակիորեն, իսկ հետո, բացառված չէ, նույնիսկ ուղղակիորեն ներգրավվելու էին ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը: Ընդգծենք, որ այդ պատերազմի բռնկման հնարավորությունը, ցավոք, չի վերացվել, հնարավոր պատերազմն ուղղակի մեկ ամսով հետաձգվել է, քանի որ Կոսովոն բախման պատճառ իր որոշման կիրառումն օգոստոսի 1-ից տեղափոխել է սեպտեմբերի 1:

Ինչպես «Ֆեյսբուք»-ի իր էջում նշել է «Լույս» տեղեկատվական- վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը, Սերբիայում տեղի ունեցած «կոնֆլիկտից երեք օր առաջ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը հանդիպել է Կոսովոյի ինքնահռչակ նախագահի ու վարչապետի հետ և խոստացել աջակցություն եվրոատլանտյան ինտեգրացիայի հարցում»։

«Որտեղ Արևմուտքի մատը խառն է` այնտեղ պատերազմ ու ավեր է»,- միանգամայն ճշմարտացիորեն եզրակացրել է Այվազյանը:

Եվրոպայում պատերազմի մեկ այլ օջախ կարող է բռնկվել Մերձդնեստրում ու Մոլդավայում, եթե ԱՄՆ-ը կամ Արևմուտքը կարողանան Քիշնևին դրդել կամ հարկադրել պատերազմի գնալ Մոլդավայից անկախացած ու նրա կողմից չճանաչված հանրապետության դեմ: Կամ էլ եթե դրդելու, հարկադրելու մեթոդները չգործեն, կազմակերպել մի այնպիսի սադրանք, որի դեպքում պատերազմից խուսափելն անհնար կլինի:

Այն տպավորությունն է, որ ԱՄՆ-ը մահացու վիրավոր գազանի վիճակում է հայտնվել ու փորձում է պատերազմ սադրել աշխարհի այս կամ այն մասում, վերջինը` Չինաստանի և Թայվանի միջև, Թայվանին իր լայն աջակցությամբ, պատերազմին անուղղակի կամ ուղղակի մասնակցությամբ: Սակայն, ԱՄՆ-ի այդ սադրանքն այս պահի դրությամբ չի ստացվել, Չինաստանում հաղթել է ողջախոհությունը, երկրի ղեկավարությունը չի գնացել մի պատերազմի, որը շատ արագ կարող է վերաճել միջուկային զենքի կիրառմամբ Երրորդ համաշխարհայինի:

Վերջին տեղեկությունների համաձայն` ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին տեղափոխող ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը Մոսկվայի ժամանակով մոտավորապես 17:45-ին վայրէջք է կատարել Թայբեյի «Սոնգշան» ռազմաօդային բազայում, որտեղ նրան դիմավորել են տեղական իշխանությունների ներկայացուցիչները: Պեկինը խստորեն բողոքել է Թայվան Փելոսիի այցի դեմ:

«Օգոստոսի 2-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին, անտեսելով Չինաստանի վճռական բողոքն ու հանդիսավոր հայտարարությունները, այցելեց չինական Թայվան՝ լրջորեն խախտելով մեկ Չինաստան սկզբունքը և չին- ամերիկյան երեք համատեղ կոմյունիկեները»,- նշված է Չինաստանի ԱԳՆ հայտարարության մեջ, որը, «РИА Новости»-ի տեղեկացմամբ, մեջբերել է երկրի Կենտրոնական հեռուստատեսությունը։

Նշվում է, որ ամերիկացի պաշտոնյայի այս այցը լրջորեն ազդել է Պեկինի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների քաղաքական հիմքի վրա, խախտել է Չինաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, լրջորեն խաթարել խաղաղությունն ու կայունությունը Թայվանի նեղուցում և սխալ ազդանշան տվել հանուն «Թայվանի անկախության» հանդես եկող անջատողական ուժերին։։

«Չինական կողմը վճռական բողոք է արտահայտում և վճռականորեն դատապարտում է դա, և արդեն լուրջ ներկայացում է արել ամերիկյան կողմին»,- նշված է հայտարարության շարադրանքում։

Պեկինը Վաշինգտոնին կոչ է արել դադարեցնել Չինաստանի ներքին գործերին միջամտությունը և «թայվանյան խաղաքարտը» խաղարկելը։

Չինաստանը Թայվանը համարում է իր նահանգը և դեմ է ցանկացած շփման նրա ներկայացուցիչների և այն երկրների իշխանությունների միջև, որոնց հետ Պեկինը դիվանագիտական ​​հարաբերություններ է հաստատել։

Իսկ ո՞րն է Չինաստանի լուրջ ներկայացումն ամերիկյան կողմին… Կարծում ենք, այն, առաջին հերթին, հիմնված է հակազդեցության տնտեսական բաղադրիչի վրա` ամերիկյան դոլարը թաղելու գործընթացի շարունակում, համաշխարհային շուկաներում ԱՄՆ-ի համար գոյություն ունեցող պայմանների վատացում, տնտեսական դաժան մրցակցություն, Ռուսաստանի հետ տարբեր ոլորտներում փոխադարձ հզորացում ապահովող համագործակցության առավել սերտացում: Այս ամենի գործնական կիրառման մասին հավանաբար կիմանանք շուտով:

Ինչ վերաբերվում է հակազդեցության ռազմական բաղադրիչին, ապա թեկուզ բացառված չէ Չինաստանի և Թայվանի, հնարավոր է, նաև ԱՄՆ-ի միջև պատերազմը նույնիսկ ոչ հեռավոր ապագայում, սակայն այս պահին Պեկինը կարծես որոշել է բավարարվել միայն Թայվանի անմիջական հարևանությամբ զորավարժություններով: Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, Չինաստանի բանակը Թայվանի շրջակայքի վեց շրջաններում օգոստոսի 4-ից 7-ը զորավարժություններ է անցկացնելու, այդ թվում՝ ուղիղ կրակով: Հայտարարությունը հնչել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի` Թայվան կատարած այցի ընթացքում:

Ինչպես ժամեր առաջ հայտնել է «Reuters»-ը, չինական ռազմանավերը մոտենում են Թայվանի սահմանին: Միաժամանակ, ճապոնական NHK-ի տվյալներով, դրանից քիչ առաջ ամերիկյան տասնյակ ռազմական ինքնաթիռներ Օկինավայի պրեֆեկտուրայի ռազմաբազայից թռչել են դեպի կղզի։ «Reuters»-ի աղբյուրը հայտնել է, որ չինական ռազմանավերն ու ինքնաթիռներն այսօր մարտավարական մանևրների ժամանակ կիպ մոտեցել են Թայվանի նեղուցի բաժանարար գծին:

Նույն աղբյուրի համաձայն` չինական ինքնաթիռներն այսօր առավոտյան քանիցս կատարել են մարտավարական մանևրներ, կարճ ժամանակով հպվել միջնագծին և վերադարձել նեղուցի մյուս կողմ, իսկ այդ նույն ժամանակ թայվանական ինքնաթիռները մոտակայքում գտնվել են սպասման վիճակում: Թեև չինական ինքնաթիռներն արդեն լքել են տարածքը, սակայն ՉԺՀ ռազմանավերը շարունակում են մնալ իրենց դիրքերում։

Ինչպես գրել է «Global Times»-ը, Չինաստանի ռազմածովային ուժերի երկու ավիակիրներ` «Ляонин»-ը և «Шаньдун»-ը, ինչպես նաև 075 տիպի դեսանտային նավը, Փելոսիի սպասվող այցի պատճառով ավելի վաղ դուրս էին եկել իրենց գրանցման նավահանգիստներից և այժմ գտնվում են ծովում: ԱՄՆ-ը, իր հերթին, Փելոսիի այցի ֆոնին չորս ռազմանավ է տեղակայել Թայվանի արևելյան մասում։ Մեկ օր առաջ «Nikkei Asia»-ն հայտնել էր, որ կղզու կողմ են շարժվում ԱՄՆ-ի «Ռոնալդ Ռեյգան» ավիակիրն ու դեսանտային նավերը:

Ճապոնական NHK-ի փոխանցմամբ, ժամը 20։00-ի սահմաններում (Մոսկվայի ժամանակով 11։00-ին) Օկինավայի պրեֆեկտուրայում գտնվող «Կանեդա» ավիաբազայից օդ են բարձրացել ամերիկյան լցավորող հինգ ինքնաթիռ և ութ F-15 կործանիչ։

Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը հերթական անգամ ընդգծել է, որ «Չինաստանի անվտանգության շահերին վնաս հասցնելու դեպքում ԱՄՆ-ն կվճարի դրա գինը»։

 

Արթուր Հովհաննիսյան