Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակային պատժել է այդ երկրի զինված ուժերի ծառայողների՝ բրև թե ադրբեջանական զորքի տեղաշարժի մասին տեսանյութեր նկարելու և տարածելու համար

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակային մակարդակում պատժել է այդ երկրի զինված ուժերի ծառայողներ Սանան Ֆարաջևին և Յուսիֆ Բայրամլիին՝ իբրև թե ադրբեջանական զորքի տեղաշարժի մասին տեսանյութեր նկարելու և տարածելու համար։

Տեղեկատվական պատերազմի տեսանկյունից սա դասական մանիպուլյացիա է, որի թիրախում հայ բնակիչներն ու զինվորականներն են։

Թշնամին իր զինծառայողներին իբրև թե պատժելով փորձում է ավելի հավաստի սարքել հիմա տարածվող այն տեսանյութերը, որոնցում պատկերված են 2020թ․ պատերազմի ժամանակ զորքերի տեղաշարժի մասին հին կադրեր՝ այս օրերի ամսաթվերով։ Միաժամանակ իր քարոզչության ազդեցությունը մեծացնելու համար Ադրբեջանը իր քաղաքացիներին ու զինվորներին կոչ է անում որևէ պարագայում չնկարել ռազմական շարասյուների տեղաշարժը դեպի առաջնագիծ։

Ժողովրդական լեզվով սա կոչվում է՝ կուժ քեզ ասեմ, կուլա դու լսիր։ Այսինքն այս հայտարարության հասցեատերը հայկական հանրությունն ու բանակն են, որ իբր թե ադրբեջանական ռազմական հսկա շարասյուները շարժվում են դեպի առաջնագիծ, գալիս են մեզ կոտորելու, բայց իրենք չեն ուզում, որ մենք իմանանք։

Հայ փորձառու զինվորականը, ռազմական փորձագետը սա, իհարկե, լավ է հասկանում, բայց շարքային քաղաքացիներն ու անփորձ զինծառայողները ոչ միշտ են ճիշտ ընկալում տեղեկատվական պայքարի մանրուքները և սխալ եզրակացություններ անում, երբեմն խուճապի մատնվում։

Հայկական բանակն, իհարկե, պետք է առաջնագծում առավել քան զգոն լինի և ավելի արդյունավետ օգտագործի իր հետախուզությունը, բայց սոցիալական ցանցերում թշնամու կողմից տարածվող կեղծիքն ու հին տեսանյութերը չպետք է վախ ու խուճապ առաջացնեն մեր հայրենակիցների շրջանում։

Ադրբեջանը դեռևս պատրաստ չէ լայնածավալ պատերազմ սկսել Արցախի դեմ, սա հստակ է։ Տեղային փոքր սադրանքներ կլինեն, բայց լայնածավալ պատերազմը հիմա անհնար է։ Եվ քանի դեռ թշնամին պատրաստ չէ, մենք էլ պետք է պատրաստվենք՝ առանց կասկածի տակ դնելու հայկական զինված ուժերի մարտական պատրաստականությունը և պատրաստակամությունը։

Տելեգրամում տարածվող տեսանյութերը հին են, հիշեք։

Այլ մանրամասների մասին՝ փոքրինչ ուշ։

 

Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից