Աշխարհը միջուկային պատերազմի շեմին. 9

Սկիզբը` այստեղ

Ռուսաստանի դեմ համապարփակ հիբրիդային պատերազմ է սանձազերծվել, որը սկսում է «անզուսպ կերպով թափվել» Չինաստանի վրա: Այս մասին, «РИА Новости»-ի տեղեկացմամբ, ասել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գլխավոր քարտուղարի տեղակալ Գրիգորի Լոգվինովը` ելույթ ունենալով ՇՀԿ երկրների ԶԼՄ-ների և վերլուծական կենտրոնների ֆորումի բացմանը։

Լոգվինովը խոսել է նաև միջազգային կյանքում առճակատման միտումների արագ աճի մասին:

Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ էր արել կանխել միջուկային պատերազմը: Նա մեղադրել է Արևմուտքին հակամարտությունը հրահրելու մեջ և հավելել, որ Կիևը կարող է վերջ դնել ամեն ինչին՝ համաձայնելով չսպառնալ Ռուսաստանին, բայց «նատօյականները և ամերիկացիները» դա թույլ չեն տալիս։

Ֆրանսիայի տեղեկատվական գործակալությանը` «Agence France-Presse»-ին տված հարցազրույցում Լուկաշենկոն, РБК-ի փոխանցմամբ, ասել է.

«Եկեք կանգ առնենք: Ավելի հեռու գնալ չի կարելի: Ավելի հեռուն անդունդն է։ Ավելի հեռուն միջուկային պատերազմն է: Մինչև դրան չպետք է հասնել: Դրա համար անհրաժեշտ է համաձայնել՝ «կանգնեցնել այս քաոսը, դադարեցնել գործողությունն ու պատերազմն Ուկրաինայում»:

Նրա կարծիքով, ամեն ինչ կախված է Ուկրաինայից:

«Այժմ պահի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այս պատերազմը կարելի է ավարտել»,- ասել է Բելառուսի նախագահը և հավելել` «Ուկրաինայի համար առավել ընդունելի պայմաններով», Դրա համար անհրաժեշտ է, որ Կիևը նստի բանակցությունների սեղանի շուրջ

Միևնույն ժամանակ, Լուկաշենկոն կարծում է, որ «Ուկրաինային ոչ ոք թույլ չի տա ավարտել հակամարտությունը. Կիևը կկարողանա Մոսկվային անվտանգության երաշխիքներ տալ միայն այն ժամանակ, երբ դրան կհամաձայնեն «նատօյականները և ամերիկացիները»։ Լուկաշենկոն հայտարարել է, որ, իր կարծիքով, հենց Արևմուտքն է հրահրել Ռուսաստանի հակամարտությունն Ուկրաինայում։

«Ձեզ անհրաժեշտ էր, նատօյականներ և ամերիկացիներ, պատերազմ, և դուք արեցիք ամեն ինչ մինչև վերջին մանրուքը, որպեսզի այս իրավիճակը ստեղծեք, որպեսզի մղեք դրան»,- հայտարարել է նա ֆրանսիական գործակալության լրագրողին:

Լուկաշենկոն Ուկրաինայում հակամարտության համար ավելի վաղ արդեն մեղադրել էր Արևմուտքին։ Մարտի սկզբին նա հայտարարել էր, որ ներկայիս սրման ակունքները պետք է փնտրել մինչև 2014թ.: Բելառուսի նախագահը հարևան պետության իրադարձությունները կապել է արևմտյան երկրների ռազմականացման ուժեղացման և Կիևին «այս պատմության մեջ» ներգրավելու հետ։

«Նպատակը մեկն է՝ սադրել մեզ, առաջին հերթին` Ռուսաստանին»,- ասել է Լուկաշենկոն։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նույնպես վերջերս հայտարարել է, որ Ուկրաինային թույլ չեն տա բանակցել Ռուսաստանի հետ: Արևմուտքը թույլ չի տա Ուկրաինային դիվանագիտական ​​ելք գտնել ստեղծված իրավիճակից, ասել է Լավրովը RT և «Россия Сегодня» մեդիախմբի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին տված հարցազրույցում։

Լավրովի խոսքով` ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան Կիևին զենք մատակարարելով, փորձում են Ռուսաստանին բախել Եվրոպայի հետ։ Այստեղ շատ կարևոր է հասկանալ, թե ինչ է նկատի ունեցել ՌԴ արտգործնախարարը: Դե, իհարկե, ԱՄՆ-ի և այլ երկրների տրամադրած ռազմական տեխնիկան, զենք- զինամթերքն Ուկրաինա հասցնող, դրանցով բեռնված եվրոպական պետությունների տրանսպորտն Ուկրաինայի տարածքում ոչնչացնելը, ինչն էլ հենց կարող է Եվրոպայի հետ բախվելու լիարժեք նախադրյալ լինել:

Ուկրաինա ռազմական տեխնիկան, զենք- զինամթերք տեղափոխում են նաև ԱՄՆ-ի ռազմատրանսպորտային ինքնաթիռները, սակայն եթե Ռուսաստանն առաջիկայում համարձակվի հարվածել իր համար վտանգավոր բեռ տեղափոխող տրանսպորտին, ապա դրանցից առաջինը Լեհաստանի կամ եվրոպական մեկ այլ պետության տրանսպորտային միջոցը կարող է լինել` ի նախազգուշացում նաև ԱՄՆ-ի:

«Այն, որ նրանք բառացիորեն հետ են պահում (Ուկրաինային.- Ա. Հ.) ցանկացած կառուցողական քայլից, բառացիորեն զենք են լցնում և ստիպում են նրան ավելի ու ավելի ռիսկային օգտագործել, այն, որ այնտեղ նստած են այդ համակարգերը` HIMARS և ուրիշներ, սպասարկող օտարերկրյա հրահանգիչներն ու մասնագետները, դա արդեն գործնականում գաղտնիք չէ»,- ասել է Լավրովը:

Կիևին զենք մատակարարելու պատճառով Մոսկվան ավելի վաղ նոտա է հղել ՆԱՏՕ-ի երկրներին։ ՌԴ ԱԳՆ ղեկավարը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ քանիցս նշել են, որ Ուկրաինայի զինված ուժերի համար զենքով ցանկացած բեռ, ցանկացած տրանսպորտային միջոց Ռուսաստանի զինված ուժերի համար օրինական թիրախ կլինի։ ԱԳՆ-ն ընդգծել է, որ դաշինքի երկրները «կրակի հետ են խաղում»:

Չնայած վերոնշյալ զգուշացումներին, ՌԴ ԶՈւ-ն դեռ չի հարվածել Ուկրաինա ռազմական տեխնիկա, զենք- զինամթերք տեղափոխող ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի անդամ որևէ այլ պետության տրանսպորտային միջոցներից` ռազմատրանսպորտային ինքնաթիռներից, երկաթուղային շարժակազմերից, բեռնատարներից թեկուզ մեկին, արևմտյան տազմական տեխնիկան, զենքերն ու զինամթերքը ոչնչացվել են միայն մարտի դաշտում  և ուկրաինական պահեստներում:

Բնականաբար, հարց է առաջանում` իսկ ինչո՞ւ Արևմուտքի կողմից ուղարկվող ու Ռուսական բանակից, Դոնբասի հանրապետությունների զինված ուժերից և խաղաղ բնակիչներից, ՌԴ սահմանամերձ շրջանների բնակիչներից կյանքեր խլող զենքերը, տեխնիկան տեղափոխող տրանսպորտային միջոցները չեն խոցվում: Սա հասկանալու համար հիշենք Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողությունից մոտ 2 շաբաթ հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի սպառնալիքը: Բայդենը Ռուսաստանին սպառնացել է Երրորդ համաշխարհային պատերազմով ՆԱՏՕ-ին սպառնացող քայլերի դեպքում։ «РИА Новости»-ի փոխանցմամբ, ԱՄՆ նախագահն այս մասին հայտարարել է դեմոկրատական ​​կուսակցության համաժողովում:

Բայդենի խոսքով` ինքն արդեն 12 000 զինվոր է ուղարկել սահմանային գոտիներ՝ Լատվիա, Էստոնիա և Ռումինիա։

«Որովհետև եթե լինի թեկուզ մեկ շարժում, ես երաշխավորում եմ, որ կարձագանքենք,- ասել է նա:- Եվ կլինի Երրորդ համաշխարհային պատերազմ»։

Դրանից մի քանի օր առաջ Բայդենն ընդգծել էր , որ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ առճակատումը և հնարավոր պատերազմը կվերաճի Երրորդ համաշխարհային պատերազմի։

Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի ու նրա գլխավորած հավաքական Արևմուտքի պրոքսի պատերազմի, այսինքն` Ուկրաինայով միջնորդավորված պատերազմի, ինչպես նաև համապարփակ հիբրիդային պատերազմի մասին վերջին շրջանում հայտարարել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան