Աշխարհը միջուկային պատերազմի շեմին. 8

Սկիզբը` այստեղ

Եվրամիությունը և, ընդհանրապես, Արևմուտքը մտադիր են հասնել Ուկրաինայում Ռուսաստանի ռազմավարական պարտությանը` ՌԴ-ի ու նրա դաշնակիցների համար դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ: Եվրամիությունը բացարձակապես չի համակերպվի նույնիսկ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության պայմանագրին, եթե այն երբևէ կնքվի Ռուսաստանի պայմաններով: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, РБК-ի տեղեկացմամբ , բացառել է պատժամիջոցների վերացումը «Ռուսաստանի պարտադրած» խաղաղության պայմանների դեպքում:

Եվրամիությունը ի սկզբանե պատրաստվել է պատժամիջոցները պահպանել երկար ժամանակ, ոչ մի սահմանափակող միջոց չի հանվի Մոսկվայի պարտադրած պայմաններով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի կնքման դեպքում։ Այս մասին Գերմանիայի կանցլերն ասել է «Frankfurter Allgemeine Zeitung»-ի համար հոդվածում:

«Մենք նաև հստակ ենք, որ այդ պատժամիջոցներից և ոչ մեկը չի հանվի Ռուսաստանի պարտադրած խաղաղության դեպքում,- ասել է Շոլցը:- Ռուսաստանի համար չկա Ուկրաինայի հետ համաձայնության այլ ճանապարհ, քան այն, որը կարող են ընդունել ուկրաինացիները»:

Իր հերթին, Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան «Forbes Ukraine»-ին հուլիսի 18-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի հետ բանակցությունների հնարավորության մասին «միայն նրա պարտությունից հետո»։

«Ես բոլոր գործընկերներին ասում եմ մի պարզ բան` «Ռուսաստանը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ մարտի դաշտում կրած պարտությունից հետո»,- «Известия»-ի փոխանցմամբ, ասել է Ուկրաինայի արտգործնախարարը։

Գերմանիայի կանցլերը վերոնշյալ հոդվածում խոստացել է, որ Եվրամիությունը կաջակցի Ուկրաինային զենքի մատակարարման, ինչպես նաև տնտեսական, ֆինանսական և հումանիտար ոլորտներում, քանի դեռ դա Կիևին պետք է։ Թեև Շոլցը միաժամանակ ընդգծել է` «մենք երաշխավորում ենք, որ ՆԱՏՕ-ն չի դառնա հակամարտության կողմ», սակայն ՆԱՏՕ-ն, Արևմուտքն ընդհանրապես, նախկինում քանիցս ստել են, հետևաբար որևէ երաշխիք չկա, որ չեն ստում նաև այս դեպքում: Ի վերջո, եթե Շոլցը նույնիսկ անկեղծ է տվյալ հարցում, ապա նա կարող է երաշխավորել միայն Գերմանիայի կողմից, բայց ոչ ՆԱՏՕ-ի, որում փաստացի գերիշխողն ու թելադրողը Միացյալ Նահանգներն է:

Ակնհայտ է, որ ԱՄՆ-ը ու նրա գլխավորած հավաքական Արևմուտքը, ներառյալ` Եվրամիությունը, մտադիր են մի կողմից զենքի, ռազմական տեխնիկայի շարունակական մատակարարմամբ մաշել Ուկրաինայում կռվող Ռուսական բանակը, իսկ մյուս կողմից ՌԴ-ում սոցիալ- տնտեսական վիճակը վատացնելու և ապստամբություն հրահրելու, ինչպես նաև Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հնարավորությունները կրճատելու նպատակներով բացառել պատժամիջոցների չեղարկումը, հակառակը` դրանք սաստկացնել և ավելացնել, քանի դեռ Ռուսաստանը չի հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության իր հայտարարած նպատակներից:

Ինչպես հայտնի է, հատուկ ռազմական գործողության նպատակներն են Դոնբասի լիարժեք ազատագրումը, Ուկրաինայի կողմից Ղրիմի և Դոնբասի հետ կապված իրողությունների ճանաչումը, Ուկրաինայի ապառազմականացումը և ապաազգայնականացումը, երկրի ոչ բլոկային, չեզոք կարգավիճակը, Դոնբասում քաղաքացիների դեմ արյունալի հանցագործությունների համար պատասխանատու բոլոր ռազմական հանցագործների պատժումը:

Իսկ Ռուսաստանը կհրաժարվի՞ վերոնշյալ նպատակներից… Ո՛չ, դա բացառված է: Կրեմլը հայտարարել է, որ «խաղաղության պայմանագիրը» հնարավոր է միայն այն բանից հետո, երբ Ուկրաինան կկատարի Ռուսաստանի պահանջները։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրանական պետական ​​հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում, որից մի հատված հուլիսի 18-ին ցուցադրվել է «Россия-24» հեռուստաալիքի եթերում, հայտարարել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը կավարտվի, երբ կիրագործվեն նրա բոլոր նպատակները:

«Մենք որևէ կասկած չունենք, որ հատուկ ռազմական գործողությունը կավարտվի այն բանից հետո, երբ իր բոլոր նպատակներին կհասնի,- ТАСС-ի փոխանցմամբ , ասել է նա։- Չկա ինչ-որ հստակ ժամանակային շրջանակ, գլխավորն այս գործողության կատարման արդյունավետությունն է»:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան