«Կասկադում» դանակի սպառնալիքով թալանել են ՌԴ 3 քաղաքացու

Երևանի «Կասկադ» համալիրի տարածքում թալանել են Ռուսաստանի Դաշնության 3 քաղաքացու, հանցագործությունը կատարած երիտասարդներից մեկը հայտնաբերվել է Երևան, մյուսը` Մարտունի քաղաքում։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հուլիսի 24-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչություն դիմած ՌԴ քաղաքացին հայտնել է, որ ժամը 02.00-ին երկու ընկերների հետ «Կասկադ» համալիրի աստիճանահարթակի վերին հատվածում են եղել, երբ իրենց են մոտեցել երկու երիտասարդ (որոնցից մեկի ձեռքին դանակ է եղել) և պահանջել փող և ոսկի:

«Երևան քաղաքի վարչություն դիմած ՌԴ քաղաքացին նրանց է տվել ոսկյա մատանին, ընկերը՝ արծաթյա ձեռնաշղթան, այնուհետև բոլորով մոտեցել են Ազատության պողոտայի բանկոմատին, որտեղից երրորդ ընկերը կանխիկացրել և նրանց է տվել 18.000 դրամ, ինչից հետո նրանք դիմել են փախուստի»,–ասվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել են Գեղարքունիքի մարզի 20 և 23 տարեկան երկու բնակիչ:

Հուլիսի 28-ին, ժամը 23.55-ին, 20-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել է Երևանի Մանանդյան փողոցում, իսկ 23-ամյա երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել է հուլիսի 29-ին` ժամը 00.50-ին, Մարտունի քաղաքի Շահումյան փողոցում:

Կատարվում է նախաքննություն: