ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը՝ «ՄԱՊ-ի Ալիկը», արդարացվել է

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վարդան Լեւոնի Գրիգորյանի, արդարացրել է «ՄԱՊ-ի Ալիկ» անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանին։

Ալեքսան Պետրոսյանը մեղադրվում էր Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին փողերի լվացման հարցում օժանդակելու մեջ: Նա կալանավորվել էր 2019 թվականի նոյեմբերի 16-ին եւ ազատ արձակվել 2020 թվականի հունվարի 10-ին։

Ըստ մեղադրանքի՝ նա, զբաղեցնելով բնապահպանության նախարարի պաշտոնը, գործարար Սիլվա Համբարձումյանին ուսումնասիրության 10 հատուկ լիցենզիաներ տրամադրելու գործընթացն իրականացնելու, հետագայում ուսումնասիրության ժամկետները երկարացնելու եւ հանքերի շահագործման թույլտվություն ստանալու հարցը նրա օգտին լուծելուն նպաստելու համար պահանջել եւ ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 4.2 մլրդ դրամին համարժեք 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք: Համբարձումյանը բանկային իր հաշվեհամարներից կանխիկացրել եւ Արամ Հարությունյանի մտերիմի միջոցով նրան է տվել 6 մլն ԱՄՆ դոլար կաշառքի գումարը:

Պահանջված կաշառքի գումարի մյուս մասը` 8 մլն ԱՄՆ դոլար գումարը, Արամ Հարությունյանն իր մտերիմների օժանդակությամբ ստացել է Արաբական Միացյալ Էմիրություններում բացված տարբեր հաշվեհամարներին փոխանցումներ կատարելու եղանակով: